«Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի երեկվա արարքը կարելի է համեմատել միայն Femen-ի տխրահռչակ ակտիվիստուհիների գործողությունների հետ։ Այս մասին դեկտեմբերի 7-ին՝ ՀՀ խորհրդարանում «Տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ, ասել է կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը։ ԲՀԿ եւ ՕԵԿ պատգամավորների օրինագիծն առաջարկում է մայիսի 16-ին նշել ուսանողների եւ երիտասարդների օրը։
Օրինագծի քննարկման փոխարեն՝ Աշոտյանը որոշեց քննարկել «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին, ով նախօրեի բողոքի ցույցի ժամանակ այրել էր նախագահ Սերժ Սարգսյանի, Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի եւ ԿԸՀ ղեկավար Տիգրան Մուկուչյանի խրտվիլակները։
«Ձեր էքսցենտրիկ արարքով Դուք նախընտրեցիք մերձենալ սկանդալային Femen կամ Pussy Riot շարժումներին։ Մի՛ արեք այդպես։ Դուք լուրջ կին եք, երեխաներ ունեք։ Իսկ եթե ՀՀԿ ակտիվիստները մանեքեն գնեն, հագցնեն ձեր զգեստների նման զգեստներ եւ նրա հետ ինչ-որ բան անեն, իսկ հետո տեղադրեն համացանցում... Միգուցե Ձեր մակարդակն այդպիսինն է, մերը՝ ոչ։ Մի՛ ստիպեք մեզ անելանելիությունից դրդված քայլերի դիմել»,- ասել է Աշոտյանը։











