Արտասահմանյան լրատվամիջոցները եւ համացանցի օգտատերերը քննադատել են Apple-ի նոր մարտկոց-պատյանը՝ Smart Battery Case-ը, որը կարող է մարտկոցի աշխատանքը հասցնել մինչեւ 25 ժամի:

Ըստ Business Insider-ի, ծաղրի առարկա է դարձել, մասնավորապես, նոր արտադրանքի արտաքին տեսքը, որը հակասում է ամերիկյան ընկերության դիզայնի սկզբունքներին: Մարտկոցը դուրս է գալիս պատյանից, ինչը մեծացնում է դրանում տեղադրված iPhone 6s-ի հաստությունը: Apple-ի դիզայներական լուծումների համաձայն, տարեցտարի iPhone-ի եւ iPad-ի նոր սերունդներն ավելի բարակ պետք է լինեն:

The Guardian-ի թղթակից Ալեքս Հյորնը Twitter-ում գրել է. «Ինչո՞ւ չէր կարելի հենց սկզբից iPhone-ը 2 մմ ավելի հաստ անել: Apple-ում այնքան զգայուն են յուրաքանչյուր մանրուքի հանդեպ»:

The Verge-ի թղթակիցն էլ նշել է. «Վստահ չեմ, որ դիզայն բառն այս դեպքում տեղին է: Այնպիսի տեսք ունի, կարծես իմ iPhone-ն iPod է կերել»:

Ըստ Lenta-ի, Apple-ը Smart Battery Case-ի վաճառքը սկսել է դեկտեմբերի 8-ին: Ընկերության տեղեկացմամբ, ամբողջությամբ լիցքավորվելու դեպքում մարտկոցը բավական կլինի 25 ժամ հեռախոսով խոսելու եւ մինչեւ 18 ժամ LTE-ի միջոցով համացանցում աշխատելու համար: