«Լուսավոր Հայաստան» նախաձեռնությունը գտնում է, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է դադարեցնի իր անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը, շարունակի զարգացնել գործընկերային հարաբերություններ Եվրոպական Միության հետ եւ ստորագրի արդեն իսկ բանակցված Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագիրը` ներառյալ՝ Խորը եւ համապարփակ առեւտրի համաձայնագիրը:

Այս մասին տեսանյութ է տարածել «Լուսավոր Հայաստան» նախաձեռնությունը, որ մտադիր է մոտ ապագայում վերածվել կուսակցության:

Տեսանյութում նաեւ ասվում է, որ միաժամանակ, Հայաստանը պետք է պահպանի երկկողմ ռազմավարական գործընկերային հարաբերություններ Ռուսաստանի հետ, որտեղ Հայաստանի շահը չի կարող ստորադասվել որեւէ այլ պետության շահի:

«Լուսավոր Հայաստանը» կարծում է, որ Հայաստանը պետք է ձգտի ԵՄ լիիրավ անդամակցության:

«Անկախացումից հետո ՀՀ իշխանություններն արտաքուստ կառուցեցին ժողովրդավարացման ճանապարհը, բայց իրականում կառուցեցին խորհրդային բնույթի կիսաավտորիտար մի պետություն: Դրա պատճառներից մեկն այն է, որ հայաստանի քաղաքական վերնախավը խորհրդային մտածողության, դաստիարակության կրողն է: Այդ պատճառով պետության կառուցման  եվրոպական մոդելը արժեզրկվեց, որովհետեւ սխալ մարդիկ ճիշտ չկիրառեցին այն»,-նշել է նախաձեռնության անդամ Անի Սամսոնյանը: