Իհարկե, կարելի է ունենալ նաեւ այլ մարտավարություն, ամրագրել տնտեսական աճի ավելի հավակնոտ նիշ, իսկ հետո փորձել հիմնավորել, թե ինչու այն հնարավոր չեղավ իրականացնել: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 9-ին, ԱԺ-ում ամփոփելով 2016 թվականի պետական բյուջեի խորհրդարանական քննարկումները, հայտարարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ հավելելով, որ նման հիմնավորումներ այն էլ այսօր, հաշվի առնելով համաշխարհային տնտեսական ռիսկերը, որքան ասես հնարավոր կլիներ գտնել:

Հովիկ Աբրահամյանի խոսքով, ինքը կողմնակից է իրավիճակն առանց գունազարդումների կանխատեսել, ազնիվ լինել ժողովրդի, քաղաքական ուժերի, պատգամավորների հետ:

 Նա ընդգծել է, որ ՀՀ տնտեսությունը հայտնվել է արտաքին մարտահրավերների առջեւ, որի պայմաններում այլ ելք չի մնում, քան նոր իրավիճակին համահունչ դարձնելու համար ճշգրտումներ մտցնել որդեգրած տնտեսական բարեփոխումներում: «Դրա համար է մինչեւ 2025 թ.-ը տնտեսության հեռանկարային զարգացման ծրագիրը, որը հաստատվել էր 2014թ.-ին: Կսկսենք համապարփակ համակողմանի վերանայման գործընթաց»,- հավելել է վարչապետը:

Անդրադառնալով արտաքին տնտեսական շոկերին, հովիկ Աբրահամյանը նշել է, որ ռուբլու արժեզրկումն ազդել է Հայաստանի արտաքին արտահանման հիմնական շուկաների վրա, ինչը բացասաբար ազդեց տնտեսվարողների եկամուտների վրա:

2015-ի հունվար-հոկտեմբերին գործընկեր երկրներում տնտեսական ակտիվության աճը եւ նրանց գնողունակության նվազումը բարդացրել է Հայաստանից արտահանումը:  

Նրա խոսքով, հունվար-հոկտեմբերին Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումները թեեւ ռուբլով աճել են, սակայն դոլարային արտահայտությամբ նվազել են   478 մլն դոլարով, եթե հաշվի առնենք ռուբլու արժեզրկումը: Ակնհայտ է, որ Հայաստանի բնակչության կողմից սպառումը չէր կարող չնվազել, եւ այն կրճատվել է  5 տոկոսով (մինչդեռ դրամական փոխանցումները կրճատվել են գրեթե   40 տոկոսով- խմբ.): Վատատեսները սկսել են խոսել տնտեսության անխուսափելի անկման մասին: Գուցե հենց այդպես էլ լիներ, եթե չլիներ կառավարության համակարգված աշխատանքը եւ ոչ ստանդարտ որոշումները, հավելել է վարչապետը: 

Հայաստանի տնտեսությունը կենսունակություն ներուժ է ցուցադրել եւ հունվար-սեպտեմբերին աճել է  3,5 տոկոսով: Դրան հիմնականում օգնել են գյուղատնտեսությունն ու լեռնահանքային արդյունաբերությունը, եւ դա` չնայած մետաղների համաշխարհային ցածր գներին: 

Ինչ-որ մեկը գուցե փորձի գյուղատնտեսության աճը բացատրել եղանակային բարենպաստ պայմաններով: Բայց չի կարելի չնկատել նոր վերամշակող ձեռնարկությունների ի հայտ գալը, նորանոր հողերի մշակումը,-հավելել է Հովիկ Աբրահամյանը:

Վարչապետի խոսքով՝ կառավարությունն ունի ապագային միտված ծրագրեր՝ մինչեւ 2025թ. տնտեսական ծրագրի վերանայում, հարկային բարեփոխումների փաթեթի ընդունում, որի հիմքում պետք է լինեն երկարաժամկետ աճի խթանումը, երկրի մրցունակության եւ գրավչության բարձրացնելու համար սպառման հարկման վրա շեշտադրումը, նախատեսել արտոնությունների աստիճանական փոխարինում սուբիսդիաներով՝ փոխհատուցելով գների հնարավոր աճը. «Եվ այս ամենը պետք է լինի 3-5գ տարվա ընթացքում: Ամեն ինչ էլ կարելի է գրել, սակայն եթե դու չես լինելու դրա պատասխանատուն ու դրա կրողը, ապա անիմաստ է»,-նշել է վարչապետը: