Հանրահայտ Տեսպիան դերասան ռոբոտը, հատուկ թերապիա կիրառող Պարոնը, մատուցող ռոբոտ Յոշան, Ռոբոֆուտբոլը, Ռոբոտ Պինգ-Պոնգը, արդյունաբերական առաջադրանքներ կատարող Բակսթերը Հայաստանում են` հայկական ռոբոտատեխնիկայի լավագույն նմուշների կողքին:
«Ամերիաբանկի» եւ «Ռոբոտների կորպորացիա» ռուսական ընկերության համագործակցության արդյունքում «Երեւան Մոլ» առեւտրի եւ զվարճանքի կենտրոնում դեկտեմբերի 8-ին տեղի ունեցավ «Ռոբոտների շքերթ» ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը:
«Ամերիաբանկի» գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ նմանօրինակ ցուցահանդես, որը ոչ միայն ուսուցողական եւ զվարճանքի, այլեւ բարեգործական բնույթի է, տարածաշրջանում առաջին անգամ է տեղի ունենում:
«Ցուցահանդեսի հիմնական նպատակն է մեր փոքրիկներին եւ ոչ միայն նրանց, ծանոթացնել ռոբոտների նորարարարության պատմությանը, թե ինչպես են ստեղծվել, հիմա ինչ կարգավիճակում են, եւ ուր է գնում ռոբոտատեխնիկան: Ստացված հասույթի գերակշիռ մասն ուղղվելու է լեյկեմիայով հիվանդ երեխաների բուժմանը: Մենք մշտապես կարեւորել ենք բարեգործությունը, միշտ աջակցել ենք հիվանդ երեխաների ապաքինմանը: Այս տարի որոշեցինք մի այլ ձեւ ընտրել, որը եւ բարեգործական կլինի, եւ ուսուցողական, եւ զվարճանք մեր փոքրիկների համար Ամանորի նախաշեմին»,-ասաց «Ամերիաբանկի» գլխավոր տնօրենը:
Ցուցահանդեսի բացման արարողությանը ներկա էր նաեւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Հատուկ գործարանային շնչով ձեւավորված սրահը, որը ստեղծում է իսկական ռոբոտաշինության միջավայր, երեխաներին հնարավորություն է ընձեռում ոչ միայն զվարճանալ ռոբոտների հետ, այլեւ մասնակցություն ունենալ ռոբոտների կառուցման, ծրագրավորման գործընթացին: Ցուցահանդեսի ծրագիրը ներառում է պարող ռոբոտների շոու, կվադրո-կոպտերների գոտի, ռոբոտների լաբորատորիա, Lego ուղեղների գրոհ/ռոբոտների կառուցում, ռոբոտների ծրագրավորում, ռոբոշուկա:
Ցուցահանդեսում ներկայացված է Անգլիայի, ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Ռուսաստանի, Իռլանդիայի եւ այլ երկրների 20 ինտերակտիվ ռոբոտ:
Ցուցահանդեսը կգործի մինչեւ 2016թ. հունվարի 10-ը: Հանգստյան օրերն են 2015թ. դեկտեմբերի 31-ը եւ 2016թ հունվարի 1-ը:
Երեխաների համար տոմսի արժեքն է 2200, ոչ աշխատանքային օրերին` 3300 դրամ, իսկ մեծահասակների համար` համապատասխանաբար 2900 եւ 3900 դրամ: Նախատեսված է հատուկ սակագնային փաթեթ դպրոցական կոլեկտիվ այցերի համար:
Տոմսերը վաճառվում են Երեւան քաղաքի բոլոր տոմսարկղերում, ինչպես նաեւ «Երեւան Մոլ»-ում: Տոմսերը կարելի է նաեւ ձեռք բերել օնլայն՝ cult.am կայքի միջոցով:











