ԱԺ-ում այսօր՝ դեկտեմբերի 9-ին, կրկին միջադեպ է տեղի ունեցել «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եւ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի միջեւ:

Հարցի իրավունք ստանալով Զարուհի Փոստանջյանը համակարգչով փորձել է միացնել իր պայքարի կոչով տեսահոլովակը, սակայն Գալուստ Սահակյանն անջատել է խոսափողը՝ ասելով. «Հիմա կանցնի, ու հարցը կտա»: Ապա դիմել է Փոստանջյանին՝ ասելով. «Դե հիմա ձեր խոսքով, ձեր նախադասություններով ասեք»:

Փոստանջյանը ԱԺ նախգահին զսպվածության կոչ է արել, ընդգծելով. «Ես ձեզ հորդորում եմ մի քիչ զուսպ լինել, այդպիսի դրսեւորումները ձեզ չեն գեղեցկացնում, ձեր հետեւից շատ տգեղ են արտահայտվում, որը ես չեմ ուզում լսել:

Ես համոզված եմ, որ ռեժիմից հնարավոր է ազատվել, մենք պետք է լինենք հետեւողական եւ ռեժիմը կնահանջի: Հիմա հարց մեծահարուստ ղեկավարներին, որոնք նույնպես պետք է մասնակցեն պայքարին: Ուզում եմ լսել, դեկտեմբերի 11-ին գալո՞ւ են Ազատության հրապարակ, թե ոչ: Դա միակ ճանապարհն է, ժողովրդից ներում հայցելու համար»:

Կառավարությունն անպատասխան է թողել Զարուհի Փոստանջայնի հարցը, փոխարենը Գալուստ Սահակյանն ասել է. «Համարենք մշակութային միջոցառում եւ վարենք ընթացքը»:

«Ես հարցիս պատասխանը չստացա: խնդրում եմ պատասխանը հնչեցնել»,-տեղից հայտարարել է Փոստանջյանը, ինչին Գալուստ Սահակյանն արձագանքել է. «Ձերը հարց չէր, երգ էր, շաբաշ տվող էլ չկա, թողեք շարունակենք: Մի շարունակեք, մի ավելի ընդգծեք ձեզ»: