26-ամյա Հակոբ Բաբայանին տեսողական խնդիրները չեն  խանգարում իր սիրելի զբաղմունքով զբաղվել: 6 տարեկանում տեսողությունը կորցրած արցախցի երիտասարդն արդեն մի քանի տարի է՝ շվի է նվագում:

«Մակությունից միշտ սիրել եմ երաժշտությունը, բայց չէի պատկերացնում, որ շվի  կնվագեմ: Հատուկ դպրոցի 10-րդ դասարանում էի սովորում, երբ շվիի մասնագետը եկավ մեր դասարան: Ինչքան սովորում էի, ձգում էր, ինձ ոգեւորում էր իր նվագելը, ես էլ էի ուզում տենց նվագել: Հետո լավ շվիահար դառնալը դարձավ իմ երազանքը»,- NEWS.am-ին պատմեց Հակոբ Բաբայանը:

Հակոբը Երեւանում գտնվող հատուկ դպրոց է տեղափոխվել Ստեփանակերտից այն բանից հետո, երբ ականի հետ խաղալու հետեւանքով առաջացած պայթյունից կորցրել է տեսողությունը:

«Հորեղբորս տղաների հետ դուրս էի եկել խաղալու, ռումբը մտածեցինք թե գնդակ է, ուզում էինք խաղալ, պայթեց: Տեսողությունս աստիճանաբար կորավ, սկզբում որոշ ժամանակ տեսնում էի, հետո սկսեցի չտեսնել»,- ասում է նա:

Հակոբին սկզբում խնդիրներն անհաղթահարելի են թվացել, հետո կամքի ուժ է գտել ու ամեն ինչ արել է, որ ոչ մի դժվարություն չկարողանա իրեն կոտրել:

«Սկզբում դժվար էր ինձ համար, հատկապես դժվար էր կողմոնոշվելը անծանոթ տեղերում,  բայց հետո սովորեցի համակերպվել, ակտիվ լինել ամեն տեղ, անել հնարավորինս ամեն ինչ, որ կարողանում եմ՝ թե երաժշտության մեջ, թե դրանից դուրս»,- նշեց Հակոբը:

Հակոբն իր ուժեղ կամքի ու ընկերների օգնության շնորհիվ է ամեն անգամ հիասթափությունից հետո սկսածը շարունակելու ուժ գտել: Նրա խոսքով՝ օրինակ են եղել այն հայտնիները, որոնք, չնայած ունեցած ֆիզիկական խնդիրներին, մեծ հաջողությունների են հասել, նաեւ տեսողական խնդիրներ ունեցող իր ընկերները:

«Ընկեր ունեմ, որ չի տեսնում ու շատ ուժեղ դաշնակահար ա: Ասեցի՝ եթե ինքը խնդիր ունի ու նվագում ա, ես էլ ջանքեր պիտի թափեմ, որ հասնեմ էդ աստիճանի: Հասկացա, որ ինչքան նվագես, ջանք թափես, ավելի շատ բաների կհասնես»,- ասաց Հակոբը:

Հակոբը 2009 թ.-ից համերգների է մասնակցում, նախորդ տարի մասնակցել է «Իմ Հայաստան» համահայկական փառատոնին, այս տարի էլ նվագել է Արցախի պետական կամերային նվագախմբի հետ: Նա արդեն պլաններ է մշակել նաեւ մյուս տարվա համար. դաշնակահար ընկերներից մեկի հետ մտածում է կոմիտասյան գործեր մշակելու  ու նվագելու մասին: