Հանրաքվեի օրը ընտրատեղմասում 6/06 ընտրատեղամասում «Ասպարեզ» ակումբի լրագրողի աշխատանքը խոչընդոտելու փաստի առթիվ ներկայացված բողոքը 6-րդ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նիստում այսօր` դեկտեմբերի 11–ին, մերժվեց։ Լրագրողի բողոքն այն մասին է, որ քվեարկության ժամանակ ընտրատեղամաս է հայտնվել անհայտ անձ եւ խոչընդոտել իր աշխատանքը, իսկ հանձնաժողովի նախագահը համապատասխան միջոցներ չի ձեռնարկել, պետք է ներկայացներ «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության իրավաբան Սերգեյ Գրիգորյանը։ Սակայն մինչեւ իրավաբանի գալը հանձնաժողովը լրագրողներին ներկայացրեց իրենց ունեցած որոշման նախագիծն այն մասին, որ բողոքը նշված ժամկետում չներկայացնելու հիմքով մերժվել է։

 Օրենքով նախատեսված է բողոքը ներկայացնել քվեարկության հաջորդ օրը՝ մինչեւ 18։00-ն։ Բողոքը սահմանված ժամկետում ուղարկվել է փոստային ծառայության միջոցով, սակայն հանձնաժողովին ավելի ուշ է հասել։ Սերգեյ Գրիգորյանն ասաց, որ ուշացումը հարգելի համարելու կապակցությամբ միջնորդություն է ներկայացնելու։ Սա ԸԸՀ ներկայացուցիչներին հունից հանեց, նրանք անգամ թույլ չտվեցին, որ Գրիգորյանը հիմնավորումները ամբողջությամբ ներկայացնի։ Առանց միջնորդությունը լսելու ԸԸՀ անդամ Սամվել Երանյանը վրդովված պահանջեց, որ հանձնաժողովի նախագահ Արսեն Սողոմոնյանը նախապես ընդունված որոշման նախագիծը քվեարկության դնի ու ավարտի նիստը։ 

«Քանի որ ժամկետների խախտումով եք ներկայացրել, մենք պարտավոր չենք Ձեզ լսել, ինչի՞ համար ենք լսում նրան, որ լսենք ու ասենք՝ մերժո՞ւմ ենք։ Ուշացրել են, դրա համար էս գլխից ենք մերժում»,- վրդովվեց ԸԸՀ անդամ Սամվել Երանյանը։

Երբ Սերգեյ Գրիգորյանը հակադարձեց, թե ներկայացնելու է միջնորդություն, հանձնաժողովի նախագահը նրան ընդհատեց․ «Չի կարա էդպիսի բան լինի, դուք արդեն ուշացել եք»։ 

Հանձնաժողովի անդամներն առանց իրավաբանին լսելու հարցը դրեցին քվեարկության եւ ընդունեցին մինչեւ նիստն ունեցած որոշման նախագիծը, որվ մերժվում է բողոքի քննությունը։

Սերգեյ Գրիգորյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ բողոքարկելու է այդ որոշումը։

«Եթե մերժում էին բողոքը ժամկետը բաց թողնելու հիմքով, պետք է նախ լսեին ինձ եւ միջնորդությունս քննարկեին, որից հետո որոշում կայացնեին։ Բայց ինչպես տեսաք, արդեն իսկ կանխակալ որոշում էին կայացրել։ Այս որոշումը մենք բողոքարկելու ենք։ Բողոքը ուղարկվել է սահմանված ժամկետում, բայց ավելի ուշ է հանձնվել հանձնաժողովի նախագահին»,-ասաց իրավաբանը։