Երեւանի Հյուսիսային պողոտայի 1 հասցեի շենքերի սեփականատերերը ահազանգում են, որ պողոտայի ստորգետնյա հատվածում,  ոչ պաշտոնական տվյալներով «Տաշիր գրուպի» կողմից կառուցվող առեւտրի եւ զվարճանքի կենտրոնի պատճառով փակվում են իրենց շինությունների վթարային ելքերը:

«Շինությունը պետք է երկու մուտք ունենա, որոնցից մեկը՝ տարհանման համար: Իրանք ինձ ասում են՝ վերեւով գնացեք, եկեք: Հիմա մեր շենքը նկուղային հարկից մուտքի եւ ելքի տեղ չի ունենալու: Պատ են կառուցել մեր նկուղային մուտքից մեկ մետր հեռավորության վրա, որ խանութ է լինելու այդտեղ,  ու այդ մեկ մետրն էլ թողել են ոչ թե մեզ համար, այլ իրենց տեխնիկական հարմարությունների, հակահրդեհային պաշտպանության համակարգի»,- NEWS.am-ի հետ զրույցում բողոքեց շենքերից մեկի սեփականատեր Վարդան Վարդանյանը:

Վարդան Վարդանյանը պատմեց, որ շինարարությունը սկսվել է մարտ ամսից, մեկ ամիս առաջ էլ պատն են կառուցել: Իրենց առաջարկել են մուտքերի դիմաց 20 քմ տարածք վարձակալել սակայն թե ինքը, թե մյուս շենքերի սեփականատերերը հրաժարվել են:

Վարդան Վարդանյանն արդեն հայցադիմում է ներկայացրել դատարան՝ պահանջելով բացել մուտքը եւ լուծել օդափոխության հետ կապված խնդիրները, որոնք առաջացել են կառուցված պատի հետեւանքով:

Նշենք, որ շինարարությունն իրականացնում է «Հանքաշար» ՍՊԸ-ն:

Քաղաքապետարանից խնդրի վերաբերյալ մեր հարցմանը դեռ չեն պատասխանել: