ՀՀ Գեղարքունիքի մարզի Մադինա գյուղի բնակիչները ոռոգման ջուր չունենալու պատճառով այս տարի բերք չեն ստացել. հաղորդում է «ԷկոԼուրը»:
Մադինա գյուղի հողերը ոռոգվում են Արգիչի գետի ջրերով: Ըստ բնակիչների՝ ջրի հետ կապված խնդիրները սկսվել են գետի վրա փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցումից հետո:
«Երբ Արգիչի գետի ջուրը վերցրեցին ՓՀԷԿ-ն աշխատացնելու նպատակով, ոռոգումը կտրեցին... մեր ոռոգման համակարգը լրիվ խախտվել է, մենք ջուր չունենք, այդ ՓՀԷԿ-ը մեր համար ընդհանրապես վատ է, ոչ միայն Մադինայի, այլ նաեւ Վերին Գետաշենի, Գեղհովիտի...ջուր չկա», - ԷկոԼուրի հետ զրույցում բողոքեցին Մադինայի բնակիչները:
Այն, որ փոքր ՀԷԿ-ը խնդիրներ է առաջացնելու ոռոգման համար, Մադինայի բնակիչները կանխատեսում էին մինչեւ ՓՀԷԿ-ի շահագործումը:
«Մենք ժամանակին բարձրաձայնել ենք այս հարցի մասին: Սկզբնական շրջանում իրենք շատ մեծ խոստումներ էին տալիս, որ ջուրը լիարժեք կբավարարի ոռոգման համար, եւ միաժամանակ կաշխատացնենք հիդրոէլեկտրակայանը: Փաստորեն այսօրվա դրությամբ մեզ մոտ ջրարբիացման համակարգը շատ վատ վիճակում է, - ասաց Մադինայի գյուղապետարանի ներկայացուցիչն ու հավելեց, - մարդիկ հնարավորություն չունեն իրենց հողամասը ջրելու: Ջուրը վերցնում են, տանում են, իրենց ՓՀԷԿ-ը աշխատացնում, իսկ մենք մնում ենք: Ընդհանրապես մենք կարտոֆիլ ենք ցանում: Այս տարի մեր կարտոֆիլի վիճակն ահավոր վատ էր, մարդիկ ոռոգման պատճառով բերք չստացան»: Մեր զրուցակիցներ նշեցին, որ գյուղում ՓՀԷԿ-ի տնօրինության կողմից սոցիալական ծրագրեր չեն իրականացվում:
Մադինա գյուղում, ըստ պաշտոնական տվյալների, բնակվում է 1055 մարդ: Եկամտի հիմնական աղբյուրներն են հողագործությունն ու անասնապահությունը:











