Ռուս ռուֆերներ Վադիմ Մախորովն ու Վիտալի Ռասկալովը բարձրացել են Ռիո դե Ժանեյրոյում Կորկովադու սարի գագաթին գտնվող Քրիստոս փրկչի արձանի վրա: Այս մասին նրանք հայտնել են իրենց ontheroofs.com կայքում: Հաղորդագրությանը նաեւ կցվել է արձանի վրա բարձրանալու տեսագրությունը:
«Հուշարձանին ցերեկը կարելի է հասնել գնացքով, որը գնում է սարը ներքեւից մինչեւ գագաթ գոտիավորող գծերով: Գիշերը մենք ստիպված էինք այդ նույն ճանապարհը ոտքով անցնել՝ լրիվ մթության մեջ, միջատների ու կենդանիների բարձր ձայների ներքո: Սարսափելի էր»,- նկարագրում են ռուֆերները իրենց վերելքը, հայտնում է Lenta-ն:
Քրիստոս փրկչի 38 մետրանոց արձանը աշխարհի ամենահայտնի հուշարձաններից մեկն է: Արձանն ընդգրկվել է New Open World Corporation կազմակերպության կազմած՝ Աշխարհի յոթ նոր հրաշալիքների ցանկում՝ Չիչեն -Իցայի, Չինական մեծ պարիսպի ու Թաջ Մահալի հետ միասին: Արձանի շինարարությունը կատարվել է 1922-1931 թթ. Ֆրանսիայում, իսկ հետո այն մաս –մաս տեղափոխվել է Բրազիլիա:











