Քաղաքական ուժերը փորձեցին լռության մատնել այն հանցավորությունը, որ տեղի ունեցավ դեկտեմբերի 6-ին, սակայն ես պարտավոր եմ ելույթներով հանդես գալ ու անդրադառնալ այդ խնդրին: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 14-ին, ԱԺ արտահերթ նիստում, Վիճակագրական ազգային ծառայության 2016-18 թթ. տարեկան ծրագրի քննարկման ժամանակ իր ելույթում նշեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

Նա անդրադարձավ նաեւ էլեկտրաէներգիայի սակագնի սուբսիդավորմանը, նշելով, որ դրանք իրականում չեն սուբսիդավորվում. «Այսօր գնացել էի կոմունալ վարձերը վճարելու եւ տեսա, որ մեր համաքաղաքացիները բողոքում էին, որ էլեկտրաէներգիայի վարձավճարը, որ կառավարությունը պարտավորվել էր սուբսիդավորել, չի գործում: Ակնհայտ է, որ ՀՀ-ում չեն գործում արդար օրենքները, դրանք չեն բխում իրավունքի սկզբունքից, այլ գործում է հանցավոր, ապօրինի գումարների հավաքագրումը»,-ասաց Փոստանջյանը:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն արձագանքեց. «Մի երկու բառ էլ վիճակագրությունից խոսեք, Գոնե գիտակցո՞ւմ եք, որ կանոնակարգ եք խախտում: Եթե քննարկման թեմայի շուրջ ոչինչ չունեք ասելու, անջատում եմ ձեր խոսափողը ու միայն մեզ համար խոսեք: Ես այս պահին կատարում եմ իմ լիազորությունները, իսկ դուք պարզապես գլխի չեք, թե որտեղ եք գտնվում»: