Թուրքական Հանրապետական ժողովրդական կուսակցության պատգամավոր Էրեն Էրդեմը դեկտեմբերի  10-ին երկրի խորհրդարանին է ներկայացրել Թուրքիայից Սիրիա թունավոր նյութի` զարինի մատակարարման ապացույցներ: Քաղաքական գործչի խոսքով,  2013-ին թուրքական Ադանա քաղաքի դատախազությունը քրեական գործ է հարուցել, որի շրջանակում հանրապետության ավելի քան տասը քաղաքացի է ձերբակալվել, սակայն մեկ շաբաթ անց, չնայած Սիրիա զարին առաքելու գործում նրանց հանցակցությանը, այդ մարդկանց բաց են թողել:  RT-ին տված բացառիկ հարցազրույցում Էրդեմը վստահություն է հայտնել, որ Թուրքիայում եւ Արեւմուտքում գիտեն, թե ով է կանգնած  2013-ին Սիրիայում զարինի կիրառությամբ իրականացված քիմիական գրոհների հետեւում, որի համար բոլորը մեղադրեցին Բաշար Ասադի կառավարությանը: 

Թուրք խորհրդարանականի խոսքով, հեռախոսազրույցների ձայնագրությունները, որոնք ապացույց են հանդիսանում, մանրամասներ են պարունակում մատակարարումների իրականացման վերաբերյալ.  դրանցում խոսվում է եւ պատրաստման, եւ գործող լաբորատորիայի, եւ նյութերի աղբյուրի մասին եւ թե ինչ մեքենաներ էին պատրաստվում օգտագործել գրոհայինները, ինչ օրերի եւ այլն: Բոլոր բանակցություններն ամբողջությամբ ձայնագրվել են, նկատել է Էրդեմը: Չնայած դրան, կասկածյալներին բաց են թողել: 

Վտանգավոր նյութը Թուրքիայից Սիրիա է հասցվել  2013-ի օգոստոսին: Հենց այն ժամանակ Դամասկոսի արվարձանին զարինով լիցքավորված հրթիռների հարված է հասցվել: Պատգամավորը ենթադրում է, որ այդ դեպքերը կապված են իրար հետ:  

«Մեծ է հավանականությունը, որ գրոհի ընթացքում Թուրքիայի տարածքով մատակարարված նյութեր են օգտագործվել: Ամեն ինչի համար մեղադրեցին  կառավարական ուժերին, սակայն սիրիական կառավարությունը, առկա տվյալների համաձայն, այդ պահին զարին չուներ. այդ նյութն առկա էր ապստամբների մոտ:  Որքան հասկանում եմ, գործը փակեցին, որպեսզի մեղքը բարդեն Սիրիայի իշխանության վրա», — ասել է թուրք քաղաքական գործիչը:

«Մատակարարումներն իրականացվել են Թուրքիայի տարածքով, սակայն բոլոր հիմնական նյութերը գնվել էին Եվրոպայում: Արեւմտյան աղբյոյրները շատ լավ գիտեն, թե իրականում ով է կանգնած Սիրիայում քիմիական գրոհի հետեւում: Նրանց հայտնի է, որ այդ մարդիկ   «Ալ Կաիդայի» համար են աշխատում: Արեւմուտքը այս իրավիճակում երեսպաշտություն է դրսեւորում», — իր տեսակետն է հայտնել Էրդեմը: