Արարատի մարզի Մասիս քաղաքում այսօր` դեկտեմեբրի 14-ին, տեղի ունեցավ հակառակորդի դիպուկահարի կրակոցից դեկտեմբերի 11-ի երեկոյան զոհված ժամկետային զինծառայող Կարեն Գրիգորյանի հոգեհանգիստը: Հոգեհանգստին ներկա էին Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Մովսես Հակոբյանը,  ԶՈՒ բարձրաստիճան պաշտոնյաներ:

NEWS.am-ի հետ զրույցում Կարենի հարեւանը` Կոլյա Ենոքյանը, նշեց, որ Կարեն Գրիգորյանը խելոք ու համեստ տղա էր, շատ էր ցանկանում գնալ ծառայության: Նրա ծնողները, եղբայրն ու քույրը երկու տարի առաջ էին գնացել Ղազախստան` արտագնա աշխատանքի, իսկ Կարենը Մասիսում բնակվում էր տատիկի ու պապիկի հետ: Նրա հարազատները  դեկտեմբերի 13-ի երեկոյան են վերադարձել Ղազախստանից:

«Շատ լավ երեխա էր, միշտ օգնում էր ծնողներին, ոչ մի վատ բան չենք տեսել էդ երեխուց: Միայն գովասանքի խոսքեր կարելի է ասել: Վերջին անգամ որ տեսել էի, արձակուրդ էր եկել, մեկ ամսից էլ զորացրվելու էր»,-ասաց հարեւանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հակառակորդի կողմից դիպուկահար հրացանից արձակված կրակոցից դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:40-ի սահմանում, ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 20-ամյա Կարեն Արմենի Գրիգորյանը:

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով նա ցուցաբերած արիության համար հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։