Հակառակորդի դիպուկահարի կրակոցից դեկտեմբերի 11-ի երեկոյան զոհված ժամկետային զինծառայող Կարեն Գրիգորյանը քիք-բոքսինգի Հայաստանի բազմակի չեմպիոն էր: Այս մասին NEWS.am-ին ասաց Կարենի ընկերը։

Կարենը մասնակցել է «Կ-1» մարզաձեւի Հայաստանի առաջնությանն ու հաղթող ճանաչվել: Նա Հայաստանի «ԿՈ Մուայ թայ» ֆեդերացիայի կազմակերպած մրցաշարերի,  «Մուայ թայի»  Կովկասի գավաթի առաջնության, միջազգային մրցաշարերի հաղթող է:

Կարենի հարեւաններից Նվեր Հայրապետյանը NEWS.am-ին պատմեց, որ նա վաղ տարիքից սպորտի է հաճախել ու որոշել էր զորացրվելուց հետո շարունակել պարապունքները:

«Երազում էր՝ սպորտը շարունակեր բանակից հետո: Միշտ ասել ա՝ պիտի դառնամ աշխարհի չեմպիոն: Մեր չեմպիոններին նայում, ասում էր՝ ես էլ պիտի չեմպիոն դառնամ, որ ես էլ իմ Հայաստանի դրոշը հանեմ այլ երկրներ»,- ասաց նա:

Հարեւանը պատմեց, որ Կարենը բանակում լավ կարգապահությամբ է աչքի ընկել, մի քանի անգամ արձակուրդ է ստացել:

«Լավ զինվոր ա եղել, մեդալ են տվել, պատվոգիր են տվել: Բոլորը գոհ են եղել: Ինքը իր  հոժար կամքով գնացել ա դիրքեր, ասել ա՝ մինչեւ վերջին օրն էլ իմ դիրքերը, իմ սահմանները պիտի պահեմ, նոր տուն գնամ»,- ասաց նա:

Հունվարին Կարենը պետք է զորացրվեր։

Այսօր տեղի կունենա Կարենի հուղարկավորությունը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հակառակորդի կողմից դիպուկահար հրացանից արձակված կրակոցից դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:40-ի սահմանում, ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 20-ամյա Կարեն Արմենի Գրիգորյանը:

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով նա ցուցաբերած արիության համար հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: