Հայաստանի զինանշանը 2009թ. աղավաղվել է Հայաստանի Հանրապետական կուսակցության թողտվությամբ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 15-ին, ԱԺ արտահերթ նիստում ՀՀ Զինանշանի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծի քննարկմանը, հայտարարել է «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

«Մեր խորհրդանիշը չպետք է աղավաղվի, որովհետեւ սա մեր մշակութային մեր քաղաքակրթության ինքնության խորհրդանիշն է իսկ դա աղավաղվում է հենց հանրապետական կուսակցության թողտվության ներքո, երբ այնտեղից Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղի ժամանակ մարզիկների շապիկներից հանվեց Արարատ լեռը»,-ասել է պատգամավորը:

Անդրադառնալով ՀՀԿ զինանշանին՝ Զարուհի Փոստանջյանը նշեց, որ ՀՀԿ-ի մոտ ամեն ինչ թարս է պտտվում, իսկ, դա ըստ, այն մասին է վկայում, որ կուսակցությունը սխալ ընթացք ունի, եւ նրա վերջը մի օր գալու է:

 Զարուհի Փոստանջյանը կարծիք հայտնեց, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը՝ դեկտեմբերի 6-ին ապցուցվեց, որ ՀՀԿ-ի եւ ՍՄՄԿ-ի միջեւ կարելի է զուգահեռներ տանել:

ՀՀԿ պատգամավորները տեղից սկսեցին բղավել ու ռեպլիկներ անել:

«ՀՀԿ այս խորհրդանիշները պետք է վայր դրվեն, քանի որ դրանք պարտված խորհրդանիշեր են: Դեկտեմբերի 6-ին տեղի ունեցավ ՀՀԿ-ին բնորոշ մշակույթի դրսեւորում, դա մշակույթ անվանել չի կարելի, դա վայրագություն է, այո, վայրագությամբ լցոնում էին անում, ծեծում էին: Դա բախվեց մեր ժողովրդի ինքնության հետ: Դեկտեմբերի 6-ը քաղաքակրթությունների բախման օր էր: Հանրությունն այլեւս չի ընդունում լիսկաբոլշեւիկյան այդ վայրագությունը»,-ասել է պատգամավորը:

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հորդորեց Զարուհի Փոստանջյանին զերծ մնալ որեւէ անձին ուղղված վիրավորանքներից:

Զարուհի Փոստանջյանը,  ներկայացնելով «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի մարզային այցելությունների ժամանակագրությունը, դիմեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին:

«Վաղը մենք լինելու ենք Սյունիքում, ոչ թե հյուր, այլ դուրս հանելու Լիսկային այնտեղից: Պարոն Լիսկա, կարող ես պատրաստվել, մենք գալիս ենք քեզ Գորիսից դուրս հանենք»,-ասել է նա:

Այս հայտարարությունից հետո Հերմինե Նաղդալյանը անջատեց նրա խոսափողը:

«Դուք ձեր խոսելու իրավունքը կորցրիք, քանի որ չեք ըմբռնում, որեւէ մեկին չպետք է վիրավորեք: ՀՀԿ-ն որեւէ մեկի վրա չի հարձակվում, ու մեր պատկերը շատ լավ, սիրուն պատկեր է: Ձեր կողմից առնվազն ցինիզմ է, որ խորհրդային բանտերում իրենց գործունեությունը սկսած ՀՀԿ հիմնադիրների հասցեին նման խոսքեր ասելը սին, անհիմն արտահայտություններ են: Դա է միայն ձեզ մնացել»,-ասել է ԱԺ փոխնախագահը: