Արմավիրի Սարդարապատ գյուղի բնակիչ, 23-ամյա Հովհաննես Աֆրիկյանը կասկածվում է դանակահարության մեջ:
Ըստ ոստիկանության լրատվական ծառայության՝ դեկտեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը «Մեծամոր» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել 25-ամյա մի քաղաքացի: Հիվանդանոց մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ երիտասարդը դանակահարված է, մինչդեռ ոստիկաններին հայտնել է, որ ընկնելու հետեւանքով է ստացել վնասվածքը:
Ոստիկաններին օրերի ընթացքում հաջողվել է պարզել, որ տուժողին դանակահարել է Հովհաննես Աֆրիկյանը: Վերջինս բերման է ենթարկվել ոստիկանության բաժին եւ տվել խոստովանական ցուցմունք:
«Ավարիա էր... հայ ու եզդի, եզդին ԱՊՊԱ չուներ, ամսի 6-ն էր, ընտրությունն էր, դուրսը ցուրտ էր: Մենք էլ զանգինք գայի, մինչեւ էդ եզդուն ասինք՝ արի երեք հատ ցուլ մորթի տուր, վերցնենք գնանք, էլ չսպասենք, չհամաձայնվեց, կանչեց հարց լուծող տղերքի: Եկան մի քանի հոգի, խոսեցինք, ոչ մի կերպ համաձայնության չեկանք: Ես էլ ուզեցի մեկի ոտքին խփեմ, որ թողնեն գնան, բայց վերեւ կպավ»,- ոստիկաններին պատմել է Հովհաննես Աֆրիկյանը:
Կատարվում է քննություն:
Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում:











