Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովն այսօր՝ դեկտեմբերի 16-ին Facebook-ի իր էջում տեղադրել է Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլիի հետ իր վիճաբանության տեսագրությունը:

«Ում հետաքրքիր է, Սահակաշվիլիի հետ միջադեպի տեսանյութը ես պահանջել եմ նախագահի աշխատակազմից: Ահա այն, առանց այլեւայլությունների: Այնտեղ գեղեցիկ քիչ բան կա, բայց նման ծավալով հրապարակային քննարկումների, եւ ամենագլխավորը՝ աստառների դեպքում, կարեւոր է, որ յուրաքանչյուր մարդ ինքը տեսնի՝ ինչի մասին է խոսքը: Ճշմարտությունը թաքցնելն ամութ է, ինչպես նաեւ ցուցադրել քեզ ավելի լավը, քան կաս»,-գրել է Ավակովը, հաղորդում է «Ուկրաինսկայա պրավդան»:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 14-ի երեկոյան, Ազգային բարեփոխումների խորհրդի նիստի ժամանակ  Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովի եւ Օդեսայի վարչակազմի ղեկավար Միխայիլ Սահակաշվիլիի միջեւ միջադեպ է տեղի ունեցել: Նիստին ներկա է եղել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն: Ավակովը բաժակով ջուրը նետել է Սահակաշվիլիի ուղղությամբ: Պյոտր Պորոշենկոն ամոթալի է համարել Ավակովի եւ Սահակաշվիլիի միջեւ տեղի ունեցածը:

Վիճաբանության ժամանակ,  ըստ տեղեկատվության, նախարար Ավակովը անցել է բղավոցների՝ նշելով. «Հեռացիր իմ երկրից»:

Երկրի վարչապետ Արսենի Յացենյուկը Սահակաշվիլիին «գոստրոլյոր» է անվանել եւ նույնպես պահանջել «չքվել Ուկրաինայից»:

Ի պատասխան Սահակաշվիլին ասել է, որ ինքը նույնպիսի քաղաքացի է, սակայն ի տարբերություն Յացենյուկի, «չի թալանել Ուկրաինան»: Ամեն ինչ տեղի է ունեցել երկրի նախագահի ներկայությամբ, որը փորձել է հանդարտեցնել կողմերին, իսկ հետո փակել է նիստը: