Ամերիկյան Հյուսթոն քաղաքի բնակիչը որոշել է ընկերուհուն անսովոր եղանակով առաջարկել իր ձեռքն ու սիրտը` դրա համար ինքնատիպ վայր ընտրելով`  քաղաքի ամենաաշխույժ մայրուղիներից մեկը` Interstate-45-ը: Ընկերների եւ հարազատների միջոցով նա փակել է խճուղին` որոշ ժամանակով ամբողջովին կանգնեցնելով երթեւեկությունը, ինչից հետո նրա ընտրյալը   «այո» է ասել:

Աղջիկը միջադեպի տեսագրությունը տեղադրել է   Instagram-ի իր էջում` տեսանյութին հավելելով մեկնաբանություն այն մասին, թե ինչ երջանիկ է: Իմիջիայլոց, ներկայումս էջն անհասանելի է: Սիրահարները հավանաբար ստիպված լինեն հետաձգել հարսանիքը:  

Երեքշաբթի` դեկտեմբերի 15-ին երիտասարդին ճանապարհային երթեւեկությանը խոչընդոտելու մեղադրանք են ներկայացրել: Նրան մինչեւ վեց ամսվա ազատազրկում է սպառնում, ինչպես նաեւ տուգանք երկու հազար դոլարի չափով, տեղեկացնում է   AP-ը:

Գործակալության տվյալներով, երիտասարդին կոչում են Վիդալ Վալադարես, իսկ նրա ընտրյալին` Միշել Ուայկոֆֆ:  ABC-ն հաղորդում է, որ երիտասարդները   24 եւ 23 տարեկան են, տեղեկացնում է Newsru-ն:

Լրագրողներին տված հարցազրույցում նրանք տեղեկացրել են, որ ծանոթացել են մոտավորապես մեկ ու կես տարի առաջ: Սիրահարները պատրաստվում են մարտին  հարսանիք անել: