Երեւանի Արաբկիր համայնքում կառուցվող եկեղեցու հողի եւ հիմքերի օրհնությունից հետո այսօր` դեկտեմբերի 17-ին, Արարատ, Հովնան եւ Մուշեղ եպիսկոպոսների ձեռամբ օծվեցին եկեղեցու խաչերը:
Լրագրողների հետ զրույցում Արարատյան Հայրապետական թեմի Արաբկիր համայնքի հոգևոր հովիվ Տ. Բաբկեն քահանա Հայրապետյանը նշեց, որ եկեղեցին կառուցվել է ամերիկահայ բարերար Լուիզ Սիմոն Մանուկյանի աջակցությամբ, եկեղեցու կառուցումը սկսվել է 10 տարի առաջ, եւ նախատեսվում է դրա կառուցումն ավարտել 1 տարի հետո:
«Խաչերի օծումով եկեղեցին իր զորությունը ստացավ, խաչերը վաղը կտեղադրվեն: Եկեղեցու հիմքերն ու հողն արդեն օծված են, որոշ ժամանակ անց տեղի կունենա նաեւ եկեղեցու բուն օծումը: Այն կառուցել է ճարտարապետ Արտակ Գուլյանը»,-ասաց Արաբկիր համայնքի հոգևոր հովիվը:
Նշենք, որ եկեղեցու խաչերի օծման արարողությանը ներկա էր անեւ Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը:
Եկեղեցու խաչերի օծման արարողությունից հետո ներկաներին բաժանվեց մատաղ:
Լուսանկարները՝ Մելինե Տոնոյանի /NEWS.am











