Հայաստանի վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի առանձնատան ծագումն անհասկանալի է մնում: Այս մասին դեկտեմբերի 17-ին Հայաստանի խորհրդարանում Վերահսկիչ պալատի 2016-ի աշխատանքային պլանի քննարկմանը ասել է պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանը հիշեցրել է, որ 2013-ին իր հարցազրույցներից մեկում Զաքարյանը հայտնել էր, որ առանձնատան գումարն իրեն փոխանցել է Սփյուռքից գործարար Ալբերտ Բոյաջյանը: Բայց մեկ այլ հարցազրույցում ինքը` Բոյաջյանը, հայտնել է, որ ինքը Զաքարյանին փող էր փոխանցել, որպեսզի վերջինս ոչ թե իր համար տուն կառուցեր, այլ իր` Բոյաջյանի:
«Այդ դեպքում ինչո՞ւ Բոյաջյանը ձեզնից չի բողոքում: Արդյոք պատճառն այն չէ՞, որ դուք նրան թույլ եք տվել Հայաստանի տարածքում մարզական օբյեկտներ սեփականաշնորհել, երբ Ազգային Օլիմպիական կոմիտեի նախագահն էիք», - հարցրել է Փաշինյանը:
Ի պատասխան Զաքարյանն ասել է, որ Փաշինյանը մինչեւ վերջ չի բարձրացնում հարցը: «Այդ հարցերին պատասխանները տրված են եւ իմ հարցազրույցներում, եւ Բոյաջյանի: Ինչ վերաբերում է սեփականաշնորհմանը, նա իրոք սեփականաշնորհել է Ծաղկաձորում մարզական համալիրի մի մասը, բայց այն բանից հետո միայն, երբ խոշոր գումար է ներդրել դրա վերականգնման համար: Ընդ որում վերականգնվել է ամբողջ մարզական համալիրը, իսկ Բոյաջյանը մասնավորեցրել է սոսկ մի մասը», - հայտնել է Զաքարյանը:











