Իսպանական լրատվամիջոցները պարզել են, թե ով է հարձակվել երկրի վարչապետի վրա եւ կոտրել նրա ակնոցը: Պարզվում է՝ Մարիանո Ռախոյը հարձակման է ենթարկվել սեփական կնոջ ազգականի կողմից: Այս մասին հաղորդում է Vesti-ն՝ վկայակոչելով La Voz de Galicia-ին:

Երիտասարդը, որին ծայրահեղական կազմակերպության ակտիվիստ էին համարում, վարչապետի կնոջ՝ Վիրիի զարմուհու որդին է: Պարբերականի տվյալներով, երիտասարդը պետք է հոգեբուժական փորձաքննություն անցնի:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մարիանո Ռախոյը հարձակման է ենթարկվել Գալիսիա այցի ժամանակ, ուր ժամանել է դեկտեմբերի 20-ին նախանշված ընտրությունների նախընտրական արշավի շրջանակում:

Հարձակումը տեսագրվել է: Տեսանյութում երեւում է, թե ինչպես է սեւ հագուստով մի երիտասարդ հարվածում վարչապետի դեմքին, այնուհետեւ ագրեսորին բռնում են եւ գետնին նետում: Միջադեպից հետո արված լուսանկարներում Ռախոյը պատկերված է դեմքին եւ պարանոցին կարմիր հետքերով: