Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը հայտարարել է, որ դատի է տվել Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլիին՝ հրապարակավ իրեն կոռուպցիայի մեջ մեղադրելու համար: Այս մասին նա հայտնել է «1+1» հեռուստաալիքի եթերում:

«Ես դատի եմ տվել պարոն Սահակաշվիլիին, որովհետեւ երբ դու ասում ես, որ մարդը գող է, պիտի պատասխան տաս դրա համար: Որքան ես գիտեմ, պարոն Յացենյուկը նույնպես պատրաստվում է նույնը անել (դատարան դիմել)»,-ասել է Ավակովը:

Ինչպես հայտնի է, չորեքշաբթի Ավակովը հրապարակել է Բարեփոխումների ազգային խորհրդի նիստում Սահակաշվիլիի հետ միջադեպի տեսանյութը: Այնտեղ Ավակովը Սահակաշվիլիին անվանում է «գոստրոլյոր» եւ պահանջում «չքվել իր երկրից»: Սահակաշվիլին, իր հերթին, Ավակովին մեղադրում է կոռուպցիոն սխեմաներին առնչություն ունենալու մեջ:

«1+1»-ի եթերում Ավակովն ասել է, որ Բարեփոխումների ազգային խորհրդի նիստում գործել է զգացմունքների ազդեցության տակ: