«Ամերիաբանկի» եւ «Ռոբոտների կորպորացիա» ռուսական ընկերության համագործակցությամբ, «Ռոբոտների շքերթ» ցուցահանդեսի շրջանակում այսօր՝ դեկտեմբերի 18-ին, Երեւանի Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի աշակերտներին անակնկալ մատուցվեց:

Դպրոց էր այցելել «Ռոբոտների շքերթ»-ում ցուցադրված ռուսական արտադրության Բորիս անունը կրող տելեներկայության ռոբոտը: Բորիսը ծանոթացավ դպրոցի միջանցքում հավաքված խանդավառ աշակերտների հետ, պատասխանեց նրանց պարզագույն մաթեմատիկական հարցերին եւ հրավիրեց նրանց «Երեւան Մոլ» առեւտրի եւ զվարճանքի  կենտրոնում դեկտեմբերի 8-ից գործող «Ռոբոտների շքերթ» ցուցահանդեսին, որտեղ ներկայացված է Անգլիայի, ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Ռուսաստանի, Իռլանդիայի եւ այլ երկրների 20 ինտերակտիվ ռոբոտ:

Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի տնօրեն Հայկազ Նավասարդյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ «Ամերիաբանկի» եւ «Ռոբոտների կորպորացիայի» անակնկալը կխթանի դպրոցում ռոբոտաշինության զարգացմանը:

«Անակնկալն իր նպատակին ծառայեց, երեխաների համար իսկապես հետաքրքիր էր: Ես շնորհակալություն եմ հայտնում «Ամերիաբանկին» եւ «Ռոբոտների շքերթ»-ի կազմակերպիչներին: Սա կարող է խթանը հանդիսանալ մեր դպրոցի ռոբոտաշինության խմբակների երեխաների եւ ղեկավարների համար՝ զարգացնելու այս ուղղությունը»,-ասաց Հայկազ Նավասարդյանը:

NEWS.am-ի հետ զրույցում Ֆիզմաթ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Արտյոմ Գեւորգյանը, որը տպավորված էր Բորիսի այցով, ավելացրեց, որ նմանօրինակ նախաձեռնությունները կարեւոր են Հայաստանում ռոբոտաշինության ոլորտը զարգացնելու համար: 

«Տպավորություններս շատ լավն են, ռոբոտը շատ խելացի էր, մեզ դուր եկավ: Ռուս ինժեներները շատ լավ ռոբոտ են սարքել, ուզում եմ այսպիսի պրոեկտներն ավելի շատ լինեն, որ երիտասարդությունն ավելի զարգացած լինի»,-ասաց Արտյոմ Գեւորգյանը:

Նշենք, որ Բորիսը պարզ ծրագրեր է կատարում, նախատեսված է շփման համար, տելեներկայության ուսուցողական եւ ժամանցային ռոբոտ է, կարողանում է խոսել, պատասխանել պարզագույն հարցերի եւ  փոքր խոչընդոտներ հաղթահարել:

«Ամերիաբանկի» եւ «Ռոբոտների կորպորացիա» ռուսական ընկերության համագործակցության արդյունքում նախաձեռնված «Ռոբոտների շքերթ» ցուցահանդեսը դեկտեմբերի 8-ից գործում է «Երեւան Մոլ» առեւտրի եւ զվարճանքների կենտրոնում: Ցուցահանդեսը կգործի մինչեւ 2016թ. հունվարի 10-ը: Հանգստյան օրերն են 2015թ. դեկտեմբերի 31-ը եւ 2016թ հունվարի 1-ը:

Երեխաների համար տոմսի արժեքն է 2200, ոչ աշխատանքային օրերին` 3300 դրամ, իսկ մեծահասակների համար` համապատասխանաբար 2900 եւ 3900 դրամ: Նախատեսված է հատուկ սակագնային փաթեթ դպրոցական կոլեկտիվ այցերի համար:

Տոմսերը վաճառվում են Երեւան քաղաքի բոլոր տոմսարկղերում, ինչպես նաեւ «Երեւան Մոլ»-ում: Տոմսերը կարելի է նաեւ ձեռք բերել օնլայն՝ cult.am կայքի միջոցով: