Հայաստանն, անկասկած, եվրոպական երկիր է։ Հայաստանը մեծ մարդկային կապիտալ ունի, որը կարող է մոտ լինել Եվրոպային, այդ թվում Շվեդիային։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում  Հայաստանում Շվեդիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Մարտեն Էնբերգը անկեղծորեն ցանկացավ Եվրամիության հետ նոր փաստաթղթի շուտափույթ ստորագրում՝ ընդգծելով մեր երկրի կարեւորությունը Եվրոպայի համար եւ պատմեց շվեդական ամանորյա ավանդույթների մասին։

2015-ի դեկտեմբերի 7-ին Բրյուսելում Հայաստանն ու Եվրամիությունը բանակցություններ սկսեցին երկկողմ հարաբերությունների խորացման նոր իրավական շրջանակների շուրջ։ Ի՞նչ սպասումներ ունեք նշված բանակցություններից։ Կողմերին կհաջողվի՞ թերթել 2013-ից առաջացած անորոշությունների էջը։

Դա իհարկե, հենց այն է, ինչ մենք ուզում ենք Մենք ուզում ենք համագործակցության պաշտոնական շրջանակ, եւ դա այն է, ինչ մենք սպասում ենք այդ բանակցություններից։ Այսպես կոչված «ճանապարհային քարտեզը» հետագա համագործակցության համար։ Դա շատ դրական երեւույթ է ինչպես Հայաստանի, այնպես էլ Եվրամիության համար։

Որքա՞ն արագ տեղի կունենան բանակցությունները նոր համաձայնագրի ստորագրման շուրջ։

Անհնար է ասել, մենք դա չգիտենք, բայց քանի որ, ինչպես գիտեք, մենք բանակցությունների մեծ մասն անցկացրել ենք մինչ այդ՝ Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների ժամանակ, ապա կարծում եմ, մենք կկարողանանք օգտագործել այդ տեքստի մեծ մասը։ Սակայն, մենք ստիպված ենք փոփոխել որոշակի դրույթներ՝ հաշվի առնելով Հայաստանի նոր միջազգային պարտավորությունները։

Ինչո՞վ է Հայաստանը հետաքրքիր ու կարեւոր Եվրոպայի համար։

Հայաստանը շատ յուրահատուկ աշխարհագրական դիրք ունի։ Նա գտնվում է Եվրոպայի համար հետաքրքրություն ներկայացնող շատ երկրների միջեւ։ Սակայն Հայաստանն ինքն ունի շատ հետաքրքիր առանձնահատկություններ։ Հայաստանն, անկասկած, եվրոպական երկիր է։ Հայաստանն ունի մեծ մարդկային կապիտալ ու ներուժ, որը կարող է մոտ լինել Եվրպային, այդ թվում Շվեդիային։ Մենք արդեն Հայաստանի հետ համագործակցության մեծ փորձ ունենք։ Օրինակ, մոտ 12 հազար հայեր են ապրում Շվեդիայում։ Նրանք բավական դրական ներդրում ունեն երկրի հասարակական կյանքում։ Հայաստանն ու Շվեդիան քաղաքական հարաբերությունների բավական բարձր մակարդակ ունեն, հետեւաբար Հայաստանը կարեւոր է շատ պատճառներով։ Հայաստանը մեր ներուժ ունի, որը մենք դեռեւս չենք իրականացրել, եւ Շրջանակային համաձայնագիրը կօգնի անել դա։

Ինչո՞վ են առանձնանում շվեդական Ամանորի առանձնահատկությունները։

Մեզ համար ամենակարեւոր տոնակատարությունը Սուրբ Ծնունդն է։ Շվեդիայում Սուրբ Ծնունդը նշում են դեկտեմբերի 24-ին, դա ընտանեկան տոն է։  Մենք պատրաստում ենք շվեդական ավանդական սուրբծննդյան ճաշ կամ ընթրիք, որը կոչվում է Սմորգասբուրգ (Smörgåsbord)։ Այն ներառում է մարինացված ծովատառեխ, հատուկ սուրբծննդյան խոզապուխտ, ձկնային կերակուրներ, մսային կերակուրներ, փոքրիկ նրբերշիկներ։ Շվեդիայում Սուրբ Ծննդյան տոներին ավանդաբար Jansson’s Temptation անունով հատուկ կերակուրն են մատուցում։ Այն պատրաստվում է կտրատած կարտոֆիլից՝ անձրուկով ու սերուցքով։ Մենք, իհարկե, զարդարում ենք տոնածառը, նվերները դնում ենք նրա տակ եւ Սանտա Կլաուսը գալիս է, որպեսզի նվերներ բաժանի երեխաներին։ Հետո մենք տոնական եղեւնու մոտ երգում ենք ավանդական ուրախ Սուրբծննդյան երգեր։

Ի՞նչ կցանկանայիք հայ ժողովրդին։

Ես կցանկանայի ամենայն բարիք, բարեկեցություն, խաղաղություն հարեւանների հետ։ Ով կցանկանայի, որ Նոր տարում Հայաստանը ստորագրեր Եվրամիության հետ նոր փաստաթուղթը։