Ամերիկյան Աթլանթիկ Սիթիի «Բորդուոք» համերգասրահի երգեհոնը ռեկորդակիր է երեք անվանակարգում: Այն ոչ միայն խոշորագույնն է այլ երգեհոնների մեջ, այլեւ աշխարհի ամենամեծ եւ ամենահնչեղ երաժշտական գործիքն է:

Երգեհոնը կառուցվել է 1932-ին: Սակայն արվեստին նրա ծառայությունն ընդհատվել էր 17 տարի առաջ տեխնիկական ողբալի վիճակի հետեւանքով: Այդ ժամանակվանից մասնագետները չարչարվում են հսկայի վերականգնման վրա: Այն կշռում է 150 տոննա եւ ունի ավելի քան 33 հազար խողովակ: Վերջին ութ տարվա ընթացքում այն վերականգնել են 20 տոկոսով. դա նրա գործառնականության գրեթե մեկ քառորդն է: Եկող տարվա ամռանը այն 50 տոկոսով կնորոգեն:

Հայտնի է, որ երգեհոնն անխափան աշխատել է 12 տարի: Բայց 1944-ի սեպտեմբերին այն հզոր մրրիկի հետեւանքով վնասվեց եւ կորցրեց իր հնարավորությունների մի մասը:

«Երգեհոնի ունկնդիրների առաջին հիշողությունները նրա հնչողությունը նկարագրում են որպես Աշխարհում ամենատպավորիչ երաժշտություն: Իսկ մենք առայժմ չգիտենք, թե այն ինչպես կհնչի, երբ բոլոր խողովակները վերակենդանանան»,- ասել է , «Բորդուոք» համերգասրահի երգեհոնահար Սթիվեն Բոլլը:

Հայտնի գործիքի լիակատար վերանորոգման համար 16 մլն դոլար է անհրաժեշտ: Երկու միլիոնը օգնել են հավաքել կամավորները: «Բորդուոք» համերգասրահի աշխատակիցները համարում են, որ երգեհոնի վերականգնումը հսկայական նշանակություն ունի ողջ երաժշտական արվեստի համար: Ամբողջ աշխարհից զբոսաշրջիկներ են գալիս աշխարհի խոշորագույն երգեհոնը սեփական աչքով տեսնելու եւ նրա փառահեղ հնչողությունը լսելու համար: