Անվադողը այն առարկան է, որը չի առնչվում հանրահավաքի հետ եւ հայտնի է` այն ինչ վտանգներ կարող է ներկայացնել: Այս մասին հավաքից հետո NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Երեւանի փոխոստիկանապաետ Վալերի Օսիպյանը:

Վալերի Օսիպյանն ու ոստիկանների մի խումբ այսօր Ազատության հրապարակում խուճապի մատնվեցին, երբ ցուցարար Հովհաննես Ղազարյանը բարձրացավ հարթակ եւ ամբիոնից ելույթ ունեցավ` ուսին անվադող գցած: Օսիպյանը ոստիկանների հետ մոտեցավ նրան ու հորդորեց  հեռանալ, հակառակ դեպքում իրենք կառգրավվեն անվադողը: Այդպես էլ եղավ, անվադողը առգրավվեցին: Միջադեպից հետո Օսիպյանը մեզ հետ զրույցում փորձեց պարզաբանել անվադողի հետ կապված իր մտահոգությունը:

«Անվադողը այն առարկան է, որը չի առնչվում հավաքի հետ, եւ լիազոր մարմնի կողմից չկար արձանագրության մեջ նշված դրա մասին, դրա համար էր առգրավվեց այն: Դուք գիտեք` անվադողը ինչ վտանգ կարող է ներկայացնել: Մենք ունենք այլ երկրների փորձը, որտեղ հավաքների ժամանակ օգտագործում են անվադողեր: Ուղղակի, որ նշված չէր լիազոր մարմնի կողմից, հանգիստ մոտեցանք, զգուշացրինք, որ չբերեն»,-ասաց Օսիպյանը: 

Ցուցարար Հովհաննես Ղազարյանն էլ իր հերթին մեկնաբանեց անվադողի խորհուրդը: Ըստ նրա` դա անհնազանդությունն է խորհրդանշում, եւ իրենք պետք է անցնեն  գործողությունների: 

«Խոսքի ժամանակը վաղուց անցել է, ու մենք` երիտասարդներս պետք է անցնենք գործողությունների»,-ասաց Հովհաննես Ղազարյանը: