Ոստիկանությունը նոր մանրամասներ է հրապարակել դեկտեմբերի 15-ին հայտնի գործարար Յուրա Ղարիբյանի՝ «Շանթի Յուրայի» տան վրա տեղի ունեցած ավազակային հարձակման վերաբերյալ:

Ըստ ոստիկանության լրատվական ծառայության՝ ժամը 15:00-ի սահմաններում հարձակվողը դիմակավորված եւ զինված մտել է Երեւանի Բաշինջաղյան փողոցի 65 տուն, որտեղ հանդիպելով տան անդամների դիմադրությանը՝ կրակել նրանց ուղղությամբ: Տանը գտնվողներից մեկն էլ դանակով հարվածել է հարձակվողին: Վերջինս հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է:

«Ինքը որ ուզում էր կրակել, ես հարձակվեցի իրա վրա, քաշքշեցի: Ես ստիպված եղա թավայով խփել գլխին, ինքն էլ դանակը հանեց, ես էլ ձեռքից վերցրի ու խփեցի»,- ոստիկաններին պատմել է զինված անձին դանակով բազմաթիվ հարվածներ հասցրած կինը:

Հարձակվողը 39-ամյա Գեւորգ Սարգսյանն է, որը նախկինում ունեցել է սեփական բենզալցակայան։

Նախնական տեղեկություններով՝ավազակային հարձակում կատարելու պահին տանը եղել են «Շանթի Յուրա» անունով հայտնի գործարար Յուրա Ղարիբյանի կինը եւ զոքանչը։ Տանը եղել են նաեւ մանկահասակ երեխաներ։ Այս պահին դեռ հայտնի չէ՝ տանը գտնվող անձանցից ով է դանակով հարվածել հարձակում կատարողին։

Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում: