Հայաստանի Քննչական կոմիտեն հրապարակել է ավազակային հարձակման ենթարկված, հայտնի գործարար Յուրա Ղարիբյանի՝ «Շանթի Յուրայի» տան բակում եւ խոհանոցում տեղադրված տեսախցիկների նկարահանած կադրերը:
Տեսանյութի վերաբերյալ Քննչական կոմիտեի մեկնաբանությամբ` զինված տղամարդը վաղ առավոտյան մտել է տուն եւ թաքնվել լվացքատանը: Երբ դայակը եկել է լվացքատուն, տղամարդը զենքի գործադրմամբ ստիպել է բացել տան դուռը եւ մտել ներս, որտեղ տանտիրուհուց պահանջել է գումար եւ թանկարժեք իրեր: Տանտիրուհին փորձել է որոշ գումար տալ, սակայն հանցագործը կարծես ավելին է ուզել: Այս ընթացքում տանտերը զանգել է կնոջ բջջային հեռախոսին, վերջինս միացրել է այն, սակայն չի պատասխանել: Տանտերը լսել է տղամարդու ձայն, որը ներկաներին սպառնում էր սպանել: Տանտերը վերադարձել է տուն, իսկ վարորդին հանձնարարել է զանգահարել ոստիկանություն: Տանտերերին հաջողվել է համապատասխան հակահարված հասցնել իրենց տուն մտած տղամարդուն:
Քննությունը շարունակվում է, նշանակվել են բազմաթիվ փորձաքննություններ: Հարուցվել է քրեական գործ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երեւանի Բաշինջաղյան փողոցում 2015թ. դեկտեմբերի 15-ին տեղի ունեցած ավազակային հարձակման հետեւանքով «Արմենիա» ԲԿ է տեղափոխվել 2 կին: Ավազակային հարձակում կատարածին վնասազերծել է տանը գտնվող անձանցից մեկը, երբ հարձակվողը կրակել է նրանց ուղղությամբ: Ավազակային հարձակում կատարողը մահացու վնասվածք է ստացել:
Նախնական տեղեկություններով՝ավազակային հարձակում կատարելու պահին տանը եղել են «Շանթի Յուրա» անունով հայտնի գործարար Յուրա Ղարիբյանի կինը եւ զոքանչը։ Տանը եղել են նաեւ մանկահասակ երեխաներ։ Այս պահին դեռ հայտնի չէ՝ տանը գտնվող անձանցից ով է դանակով հարվածել հարձակում կատարողին:











