Ամերիկյան Northrop Grumman ընկերությունը ՆԱՏՕ-ի մասնագետների հետ համատեղ փորձարկել է AGS անօդաչու թռչող ռազմավարական սարքը, հայտնում է N +1 կայքը:

Ինչպես հայտնում է Defense News-ը, փորձնական թռիչքի ժամանակ սարքը 2.5 ժամ օդում է մնացել ու կարողացել է բարձրանալ 12.1 հազար մետր: RQ-4 Global Hawk-ի հիմքով ՆԱՏՕ-ի շահերի համար մշակվող անօդաչուի փորձարկումները հաջող են գնահատվել:

AGS-ի թռիչքի ընթացքում ստուգվել է համատեղ կառավարման համակարգերի աշխատանքը, որը թույլ է տալիս անօդաչուի կառավարումը մի օպերատորից մյուսին փոխանցել: Այդ նույն համակարգը անօդաչուին թույլ է տալիս կիսաավտոմատ ռեժիմով թռիչքներ անել մեկ միասնական օդային տարածքում: Մնացած հարցերում AGS-ը գրեթե չի տարբերվում Global Hawk Block 40–ից՝ սարքերի ունիֆիկացիան կազմում է 94 տոկոս, հայտնում է «Ինտերֆաքսը»:

Հյուսիսատլանտյան դաշինքը ընդհանուր առմամբ հինգ AGS անօդաչու սարք է պատվիրել: Դրանք կկցվեն Իտալիայի Սիգոնելա կղզու ավիաբազային: Անօդաչուների գնման համար վճարել են ՆԱՏՕ-ի 15 անդամ երկրները՝ Բուլղարիան, Չեխիան,Դանիան, Էստոնիան, Գերմանիան, Իտալիան, Լատվիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Նորվեգիան, Լեհաստանը, Ռումինիան, Սլովակիան, Սլովենիան ու ԱՄՆ –ն: Սարքերը կօգտագործվեն ՆԱՏՕ-ի բոլոր անդամների շահերի պաշտպանության համար:

Ակնկալվում է, որ առաջին AGS-ը Սիգոնելլա կհասցվի 2016 թ. իսկ ՆԱՏՕ-ն դրանով կսպառազինվի 2017 թ.: 14.5 մ երկարությամբ ու թեւի 39.9 մետր բացվածքով AGS –ը կկարողանա թռիչքներ անել մինչեւ 630 կմ /ժ արագությամբ: Սարքը կկարողանա մինչեւ 32 ժամ օդում  գտնվել ու 18.3 հազ. մ բարձրության հասնել: