Մեքսիկայի իրավապահ մարմինները կրկին ձերբակալել են Սինալոա թմրակարտելի պարագլուխ, Էլ Չապո մականունով հայտնի Խոակին Գուսմանին, որն ամիսներ առաջ էր փախել բանտից։
Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոն հայտարարել է. «Առաքելությունն իրագործվեց, ուզում եմ մեքսիկացիներին հայտնել, որ Խոակին Գուսման Լոերան ձերբակալվել է։ Սա կարեւոր հաջողություն է Մեքսիկայի արդարադատության համակարգի համար»։
Իրավապահների տվյալներով, Էլ Չապոյին բռնել են Սինալոա նահանգի Լոս Մոչիս քաղաքում, փոխհրաձգությունից հետո։ Ձերբակալության ժամանակ հինգ մարդ սպանվել է, մեկ ծովային հետեւակային վիրավորվել է։ Ռազմածովային ուժերը առանձնատունը գրոհել են վաղ առավոտյան, սակայն հանդիպել էին թմրավաճառների դիմադրությանը։ Հինգ թմրավաճառ սպանվել է, եւս վեցին ձերբակալել են Էլ Չապոյի հետ։ Տանը հայտնաբերվել է երկու զրահապատ մեքենա, մեծ քանակությամբ հրազեն եւ նռնականետ։
Կարճլիկ մականունով թմրաբարոնը փախել էր հուլիսի 12-ին Մեխիկո նահանգի Ալտիպլանո բանտից։ Նրա փախուստի համար մեկ մղոն երկարությամբ թունել էին փորել, որի մուտքը սկսվում էր թմրաբարոնի խցի զուգարանից։ Դատախազությունը մի քանի տասնյակ մարդու էր բռնել, որոնք աջակցել էին Էլ Չապոյի փախուստին։ Հոկտեմբերին հատուկ ստորաբաժանումները մի քանի անգամ փորձել էին բռնել Գուսմանին Դուրանգո եւ Սինալոա նահանգներում, նա վնասվածքներ էր ստացել, բայց կարողացել էր թաքնվել։
Գուսմանը, որը աշխարհի ամենահարուստ թմրաբարոնն է, առաջին անգամ ձերբակալվել էր 1993թ., սակայն ութ տարի անց կարողացել էր փախչել, նրան գտել էին միայն 2014թ.։ Այս անգամ Մեքսիկայի իշխանությունները խոստացել են Գուսմանին արտահանձնել Միացյալ նահանգներ, որտեղ նրան ցմահ ազատազրկում է սպառնում։ Մեքսիկայի գլխավոր դատախազությունը հուլիսին հաստատել էր համապատասխան հարցումը։











