Երեւանի բնակիչ 18-ամյա Գրիշան վերջին մեկ շաբաթն արթուն է լուսացրել: Գրիշայի քունը «բանակային» մտքերն են խանգարել, մի քանի օրից նոր միջավայրում, նոր անկողնում արթնանալու անհանգստությունը (ֆոտոռեպորտաժ):

«Էս մի շաբաթը վաբշե չեմ կարում քնեմ: Մտածում եմ՝ ոնց ա լինելու, ինչ ա լինելու»,- ասում է Գրիշան, որն այսօր զորակոչվեց պարտադիր ժամկետային ծառայության։

20-ամյա Ռոբերտն ասում է՝ նման մտքերն իրեն ավելի քիչ են անհանգստացրել, նախորդ օրը չի քնել, բայց որովհետեւ ընտանիքի, ընկերների հետ իր զորակոչվելն է նշել:

«Բանակի քեֆ ենք արել, գառ ենք մորթել, խորոված ենք արել, ընկերներիս հետ մի բաժակ խմել եմ»,- պատմում է Ռոբերտը: Ռոբերտի հայրը՝ Հակոբը միջամտում է. «Զինվոր ճանապարհելը ուրախություն ա, հպարտություն ա: Իսկ արցունքները ուրախության արցունքներ են: Հայ տղամարդը պիտի ուրախանա, որ տղա ա մեծացրել, բանակ ա ուղարկում»:

Ռոբերտին բանակ ճանապարհելու համար զինկոմիսարիատ են եկել նաեւ մայրը, բարեկամներն ու ընկերները: Նորակոչիկի մայրն աչքը չի կտրում տոպրակից, որի մեջ որդու համար ուտելիք ու անհրաժեշտ պարագաներ է դրել. հանկարծ մի բան մոռացած չլինի։

 «Օճառ, սափրվելու, լոգանքի պարագաներ եմ դրել, խաշած հավ, պանիր, հաց: Հեշտ չէ, մտածում ենք,  չենք կարողացել քնել, բայց մարտական ենք տրամադրված: Կարեւորը՝ մեր երկրին խաղաղություն լինի»,- ասում է նա:

 Ռոբերտն իր հետ նաեւ նաեւ իր խոհարարական գործիքներն է բանակ տանում:

«6 տարի է՝ խոհարարության դասերի եմ գնացել: Բայց մեկ ա՝ իմ պատրաստածով չեմ կշտանում: Մինչեւ մամայի պատրաստածը չի լինում, չեմ կշտանում: Դե բանակում էլ մի կերպ, զոռով պիտի կշտանամ, ինձ համոզելով պիտի կշտանամ»,- ասում է նորակոչիկը:

Նորակոչիկները բարձր, ինչպես իրենք են ասում՝ մարտական տրամադրություն ունեն:

«Հրաշալի եմ ինձ զգում, որովհետեւ գնում եմ ծառայելու Հայաստանի Հանրապետությանը: Անգամ եթե դժվարություններ լինել, դրանք էլ տղամարդու համար են»,- ասում է Էրիկը:

«Դա էլ կյանքի մի էջ ա, որ յուրաքանչյուր տղա պետք ա անցնի»,- ասում է մեկ ուրիշ նորակոչիկ:

18-ամյա տղաները ամեն ինչ անում են, որ ծնողներից թաքցնեն իրենց անհանգստությունը։ Ավտոբուսի աստիճաններին վերջին անգամ գրկախառնվում են նրանց հետ ու աշխատում, որ մխիթարական վերջին խոսքն իրենցը լինի. «Վաբշե չմտածես»։

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am