Գյումրեցիները շարունակում են կարծել, որ Ավետիսյանների սպանությունը մի մարդու ձեռքի գործ չի եղել:

Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների մահվան 1-ին տարելիցի Գյումրիում NEWS.am-ի անցկացրած հարցնմանը մասնակցած քաղաքացիների մեծ մասը կարծիք հայտնեց, որ ինչ-որ բան կոծկվում է, եւ որ Պերմյակովը չէր կարող միայնակ այդ հրեշավոր սպանությունն իրականացնել:

«Հաստատ մենակ չի եղել, դա 100 տոկոս»,-ասաց գյումրեցիներից մեկը:

Մեկ այլ գյումրեցի կարծիք հայտնեց, որ միյան Պերմյակովին պատժելը չի նշանակի, որ դատավարությունն արդար է ընթացել:

«Թող արդար գտնվեն վերադաս մարմինները, դատավարությունը նորմալ ընթանա, ի հայտ գան այն կարեւոր անձիք, ովքեր կազմակերպել ենայս դեպքը»,-ասաց գյումրեցին:

«Մեջը ահագին մարդիկ կան, որ մենք չգիտենք, բայց մեզ պետք է, որ իրեն հրապարակի մեջտեղը սպանենք, հանենք, կախենք»:

Նշենք, որ հունվարի 12-ին, ժամը 13:00-ին Գյումրիի քաղաքային գերեզմանատանը տեղի ունեցավ հոգեհանգստյան կարգ, որին բացի Ավետիսյանների հարազատներից մասնակցում էին մեծ թվով գյումրեցիներ, ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Զարուհի Փոստանջյանը, Նաիրա Զոհրաբյան, Սուքիաս Ավետիսյանը, Արման Սահակյանը, ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Ժամը 17:30-ին, Գյումրու Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի կունենա ժամերգություն և մոմավառություն:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015թ. հունվարի 12-ին։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը, որը ծանր վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, որտեղ յոթ օր անց մահացել էր:

Ավետիսյանների ընտանիքի 7 անդամի սպանության համար մեղադրվում է Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը։ Դեպքի առթիվ Հայաստանում հարուցվել էր քրգործ սպանության հատկանիշներով, իսկ ՌԴ-ում՝ դասալքության:

Ռուսական կողմն օգոստոսի 12-ին Պերմյակովին դատապարտել է ազատազրկման 10 տարի ժամկետով:

Հայկական կողմը դեկտեմբերի 18-ին սկսել է դատավարությունը: Նիստերը, սակայն, տեղի են ունենում ռուսական ռազմաբազայի տարածքում: