ԱՀԹ առաջնորդարանում այսօր` հունվարի 14-ին, Հայաստանի սիրիահայերն ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ տոնեցին Հին Նոր տարին: ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը շնորհավորելով սիրիահայ համայնքի ներկայացուցիչներին` մաղթեց, որ 2016թ. լինի խաղաղության ու հջողությունների տարի:
NEWS.am-ի հետ զրույցում Սիրիայի Հալեպ քաղաքից պատերազմի պատճառով 2 տարի առաջ իր ընտանիքի հետ Հայաստան եկած Զարուհի Համալյանը նշեց, որ այսօրվա միջոցառումը առիթ է Հայաստանի սիրահայերին մեկ տեղում համախմբելու, սիրիահայ երեխաներին ուրախացնելու համար:
«Հալեպում մեր սովորույթներով ճոխ սեղաններով, հարազատների հետ տոնում էինք Ամանորն ու Սուրբ ծնունդը: Կաղանդի ծառ, մսուր, հավատքով, հույսով Տիրոջը կկամենայինք, որ ամեն տեսակ առողջություն ու հաջողություն տա մեզի: Բայց մեր քաղաքի տագնապներու պատճառով բոլորս գաղթեցինք ու այստեղ մեզ սրտաբաց ընդունեցին: Այսօր էլ ուզեցինք, որ սիրիահայերով այստեղ հավաքվենք, նշենք մեր Կաղանդը: Լավ ենք, ուրախ ենք, հանգիստ ենք, բայց երանի թե Սիրիայում պայմանները լավ ըլլան ու մենք մեր տուն վերադառնանք»,-ասաց Զարուհի Համալյանը:
Միջոցառման ընթացքում սիրիահայ երեխաներին Ձմեռ պապը նվերներ բաժանեց:
Նշենք, որ արդեն մի քանի տարի է Հայաստան վերադարձած սիրիահայերն ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ իրենց նոր համայնքն են ձեւավորել Արարատյան Հայրապետական թեմի Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում: Նրանք իրենց համայնքային սովորությունները պահպանում են` նշելով բոլոր տոները, մասնակցելով ուխտագնացությունների եւ հատուկ իրենց համար կազմակերպվող արեւմտահայերեն քարոզների:











