Երեւանի Քանաքեռ-Զեյթուն համայնքում հունվարի 12-ին երկու անհայտ անձինք բռնություն են գործադրել «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անչափահաս աջակից Հովհաննես Հարությունյանի նկատմամբ: Այս մասին տեղեկանում ենք «Նոր Հայաստանի» տարածած տեսանյութից:
Հովհաննես Հարությունյանի խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել 23:30-ի սահմաններում, երբ ինքը դուրս է եկել գնումներ կատարելու: Խանութից վերադարձի ճանապարհին նկատել է երկու անձի, ուշադրություն չի դարձրել, շարունակել է ճանապարհը դեպի տուն, ավելի ուշ վերջինները ձայն են տվել, ինքը, մտածելով, թե տարածքին անծանոթ են, կանգնել է՝ նրանց օգնելու, անծանոթները, սկզբում բարեւել, ապա հորդորել են իրեն հեռու մնալ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատից:
«Ասեցին՝ դուրս գամ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի աջակիցների ցուցակից, ասացին, որ դու սխալ ուղի ես ընտրել, քեզ էլ ոչ մի տեղ չտեսնենք, գնա քո համար աշխատի, ապրի: Ես էլ նրանց պատասխանեցի, որ դա իմ կյանքն է, եւ ես պետք է որոշեմ՝ ոնց կապրեմ, ինչ կանեմ, եւ նրանք ժարգոնով ասացին՝ շատ ես լեզվիդ տալի, ու սկսեցին հարվածել կողքերիս, հետո նրանցից մեկը հարվածեց աչքիս, մարդ նկատեցին փողոցում, ինձ այդտեղ թողեցին եւ փախան: Բարձրացա տուն, տանը ոչ մեկին ոչինչ չասեցի, քանի որ ժամը ուշ էր, լվացվեցի մի, հատ սառը թրջոց դրեցի աչքիս եւ պառկեցի քնելու, արթնացա, ձախ աչքիս տակը կապտուկ էր, աչքերիս տակը՝ ուռած»,- պատմել է Հովհաննես Հարությունյանը:











