Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իր հայրենակիցներին կոչ է արել ուրախանալ երկրում տեղացած առատ ձյան համար: Այս մասին ուրբաթ, հունվարի 15-ին, հայտնել է բելառուսական Naviny պարբերականը:

«Մենք պետք է Աստծուն շնորհակալ լինենք, որ մեզ ուղարկել է այս տարերքը: Ես կարծում եմ, որ գյուղացիները կամ մարդիկ, ովքեր աշխատում են բնության հետ, կարող են այդ մասին ավելի շատ բան պատմել»,- ասել է Լուկաշենկոն՝ ձյան հետեւանքների վերացմանը նվիրված խորհրդակցության ժամանակ:

Նրա խոսքով, անցած տարի Բելառուսում ձյան տեղումների պակասի պատճառով «ցամաքել էին գետերն ու լճերը», դրա համար էլ որքան շատ ձյուն գա՝ այդքան հանրապետությունում ավելի արագ կվերականգնվի բնապահպանական հավասարակշռությունը:

«Աստված տա, որ եւս երեք – չորս նման ցիկլոններ անցնեն մեր երկրով»,- ասել է նա:

Բելառուսի նախագահի կարծիքով, 20 սանտիմետրանոց տեղումները տարերային աղետ չեն, դրա համար էլ «պետք չէ տառապել ու հառաչել», այլ «պետք է շարժվել՝ ճանապարհները, մուտքերն ու բակերը մաքրել»: