Երեւանի Բաղրամյան 1 փակուղու թիվ 14 շենքի հարեւանությամբ հունվարի 18-ի գիշերը տեղի է ունեցել քարաթափում, որի հետեւանքով տուժել են գազատար խողովակները, հոսանքի լարեր եւ հարեւանությամբ գտնվող Թարգմանությունների գրասենյակի տանիքը, փակվել շենք տանող մուտքը: NEWS.am-ի հետ զրույցում Բաղրամյան 14 շենքի բնակիչ Գագիկ Մարգարյանը նշեց, որ երեկոյան բարձր ձայներ են լսել, դուրս են եկել եւ տեսել, որ քարեր են թափվում: Բնակիչներն ահազանգել են  ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայություն եւ «Գազպրոմ» ընկերություն, որոնց  ներկայացուցիչները գնացել են դեպքի վայր եւ կատարել անհրաժեշտ աշխատանքներ: Գագիկ Մարգարյանի խոսքով, քարաթափման պատճառը խոնավությունն է, որի հետեւանքով քարերը ճեղքվել եւ ընկել են:

«Բարեբախտաբար գիշերն ա եղել դեպքը եւ այդ պահին բակում խաղացող երեխաներ չեն եղել, կայանված մեքենաներ չեն եղել, թե չէ, շատ վատ հետեւանքներ կարող էր լինել: Հիմա պետք է ամեն ինչ անենք, որ գան մաքրեն էս քարերը, մնացած քարերն էլ հանեն ու բետոն անեն տեղը, թե չէ վտանգ կա, որ դրանք էլ կթափվեն ու վերեւի բնակելի տունը ամբողջությամբ կփլուզվի»,-ասաց Գագիկ Մարգարյանը:

Նշեց, որ քաղաքապետարանից արդեն եկել են, արձանագրել են եւ խոստացել, որ լուծում կտրվի խնդրին: