Իր երեք որդիներին եւ նրանց համադասարանցիներին մուրացկանության դրդած, Վանաձորի 32-ամյա բնակչուհի Տատյանա Պիսարեւան պնդում է, որ ինքը չի ստիպել երեխաներին զբաղվել մուրացկանությամբ, երեխաները գաղտնի, առանց իր իմացության են գնացել եւ ուրիշներից փող խնդրել: NEWS.am-ի հետ զրույցում Տատյանան նշեց, որ ինքը տանն է եղել, երբ ոստիկանությունից իրեն զանգել եւ կանչել են բաժին: Նրա խոսքով, մի անգամ, երբ տանը ուտելու ոչինչ չի եղել, ինքն է երեխաներին ուղարկել ուրիշներից փող հավաքելու, բայց այս անգամ թոշակն ստացել էր, ուտելիքի պակաս չկար եւ չի հասկանում, թե երեխաներն ինչու են որոշել գնալ մուրացկանության:
«Էս երեխեքին արդեն չգիտեմ ինչ անեմ, ես խաբար չեմ եղել, որ գնացել են իրանք, վեր են կացել, գնացել են քաղաք, որ էլի փող ուզեն: Մեկ էլ միլիցայությունից զանգում են, ասում են եկեք երեխեքին տարեք: Ես տանս քնած, հելե գնացել են փող ուզելու ու բռնել են մլիցեքը, ես ի՞նչ մեղք ունեմ: Ի՞նչ անենք, խմող աղջիկ եմ, ուրեմն պտի սենց անե՞ն»,-ասաց Տատյանան:
Վանաձորի քաղաքապետարանի Խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովի նախագահ Գոռ Բադյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ համայնքի ղեկավարությունն արդեն դիմել է դատարան 32-ամյա կնոջը մայրական իրավունքից զրկելու համար, քանի որ սա առաջին դեպքը չէ, երբ նա երեխաներին դրդում է մուրացկանության:
«Ես ինքս մոր հետ հանդիպել եմ, նա ոչ սթափ վիճակում է եղել, կեղտոտ, թափթփված: Ժամանակը ցույց տվեց, որ բոլոր ջանքերն ապարդյուն են, ծնողը պատասխանատվության զգացում չունի, չի ուղղվում: Եվ համայնքի ղեկավարությունը որոշում ընդունեց դիմել դատարան ծնողին ծնողական իրավունքից զրկելու համար»,-ասաց Գոռ Բադյանը:
32-ամյա Տատյան Պիսարեւան 1994թ. որպես ծնողազուրկ մուրացկան հաշվառված է եղել ոստիկանության Վանաձորի բաժնի Անչափահասների բաժանմունքում, այնուհետեւ ամուսնացել է, երեխաներ ունեցել: 2014թ., երբ նրա ամուսինը մահացել է Տատյանան ու նրա 3 երեխաները հայտնվել են փողոցում:
«Խնամակալության մարմինը համայնքի ղեկավարի որոշումով, Տատյանայի ամուսնու մահից հետո, նրան ու երեխաներին տեղավորել է հանրակացարանում: Տատյանան հակված է ալկոհոլ օգտագործելու, հաշվառված է Վանաձորի Նյարդահոգեբուժական դիսպանսերում որպես խրոնիկ հարբեցող»,-մեզ հետ զրույցում ասաց ոստիկանության Վանաձորի Տարոնի անչափահասների բաժանմունքի պետ Ռուդիկ Վարոսյանը:











