ԵԽԽՎ-ում այսօր՝ հունվարի 26-ին, քննարկվող երկու զեկույցները կարող են վատթարացնել իրավիճակը տարածաշրջանում: Այս մասին ԵԽԽՎ նստաշրջանում երկու հակահայկական զեկույցների քննարկման ժամանակ հայտարարել է ֆրանսիացի պատգամավոր Ռուդի Սալը:

«Քվեարկելուց առաջ պետք է իմանալ, որ այն շատ կարեւոր է հետագա վստահելիության առումով: Տարածաշրջանում վերջին շրջանում բռնությունները նվազել էին, սակայն այս զեկույցները կարող են վատթարացնել իրավիճակը: Զեկուցողներն անաչառ չեն»,- ասաց ֆրանսիացի պատգամավորը:

Ռուդի Սալը հայտարարել է, որ ինքը պատրաստ է դեմ քվեարկել բանաձեւերին:

Նշենք, որ ԵԽԽՎ նստաշրջանում այսօր՝ հունվարի 26-ին, քննարկվում է բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» եւ բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» զեկույցները:

Հիշեցնենք, որ ԵԽԽՎ արդեն նախկին նախագահ Անն Բրասերը հունվարի 25-ին, ԵԽԽՎ նստաշրջանի բացումից առաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ բազմաթիվ պատգամավորներ առաջարկել են չքննարկել այդ զեկույցները: «Վերջնական որոշումն, իհարկե, պետք է ընդունի ԵԽԽՎ-ն՝ քննարկում անցկացնել, թե զեկույցները հետ ուղարկել հանձնաժողովներին»,-հավելել է Բրասերը: