«Հույս ունեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում շահել Ադրբեջանի կառավարության դեմ լրագրող Հադիջա Իսմայլովայի գործը»,- այս մասին CNN-ի հաղորդավար Քրիստիան Ամանպուրին տված հարցազրույցում հայտարարել է ձերբակալված լրագրող Իսմայլովայի պաշտպան, հայտնի փաստաբան Ամալ Քլունին:
Նա ընդգծել է, որ լրագրողի դեմ մեղադրանքները, իբր, վերաբերում են հարկերից խուսափելուն, յուրացմանն ու չարաշահմանը: «Նախ նրան մեղադրեցին ինքնասպանության հասցնելու մեջ, այնուհետեւ այլ անհիմն մեղադրանքներ առաջադրեցին: Սակայն իրական պատճառն Ալիեւի ռեժիմի կոռուպցիան մերկացնելն է»,- հավելել է Քլունին: Փաստաբանը չի կորցնում ՄԻԵԴ-ից արդար որոշում լսելու հույսը:
Հիշեցնենք, որ Հադիջա Իսմայլովան ձերբակալվել է 2014 թվականի դեկտեմբերի 5-ին: Նրան նախ մեղադրանք էին առաջադրել երկրի Քրեական օրենսգրքի 125 հոդվածով (ինքնասպանության հասցնելը), այնուհետեւ՝ մի քանի տնտեսական հոդվածներով: 2015 թվականի աշնանը լրագրողուհին 7.5 տարվա ազատազրկման դատապարտվեց եւ արդեն ավելի քան մեկ տարի ճաղերի հետեւում է:











