ԱՄՆ-ի Թեքսասի նահանգի Օսթին քաղաքի ոստիկանությունը փնտրում է երկու վարորդի, որոնք ագրեսիվ եղանակով հարցեր են պարզել ճանապարհային խցանման մեջ: Անկարգ վարորդները հարվածային գործիքներով խփել են իրար, նրանց գործողությունները տեսագրել է պատահական ականատեսի տեսախցիկը, տեղեկացնում է NBC 5 Dallas-Fort Worth-ը:
Հետաքննությունը սկսվել է այն բանից հետո, երբ կռվի տեսագրությունը հայտնվել է համացանցում` մեծ հնչեղություն առաջացնելով եւ «Աստղային պատերազմների» թեմայով մեմի ստեղծման պատճառ դառնալով:
Նախնական տվյալների համաձայն, ճանապարհային վեճն առաջացել էր երկուշաբթի 10:45-ին: Նկարահանված կադրերում երեւում է, թե ինչպես է կարճ կտրած մազերով, մարզական մարմնակազմությամբ տղամարդը քայլում խցանման մեջ կանգնած երկու մեքենայի արանքով` ձեռքում բեյսբոլային ալյումինե մական պահած: Չարամիտը մոտեցել է սեւ գույնի ամենագնաց-պիկապին, որից դուրս է եկել բաց գույնի վերնաշապիկով վարորդը, տեսքից` լատինաամերիկացի, տեղեկացնում է Newsru-ն:
Շապիկով տղամարդն ավելի խոշոր մարմնակազմության էր, բայց նրա հակառակորդին, որը մական էր թափահարում, դա չկանգնեցրեց: Այդ ժամանակ պիկապի տերը թափքից փայտե երկար հեսան հանեց եւ հանպատրաստից մահակով խփեց հակառակորդի գլխին: Վեճը սկսած տղամարդը լատինաամերիկացուն մի քանի հարված հասցրեց բեյսբոլի մականով, ինչպես նաեւ կարողացավ զինաթափել նրան:











