Միջազգային տիեզերական կայանի անձնակազմի անդամները 30 տարի առաջ տեղի ունեցած «Չելենջերի» աղետի 7 զոհերի հիշատակին նվիրված միջոցառում են կազմակերպել։ Տիեզերանավը պայթել էր մեկնարկից 73 վայրկյան անց։ Վթարը ետղի է ունեցել 1986թ. հունվարի 28-ին։
Տիեզերագնացները մեկ րոպե լռությամբ հարգել են զոհերի հիշատակը։ Հիշատակի արարողությունը տեղի է ունեցել եւ Երկրի վրա եւ «Քենեդիի անվան տիեզերական կենտրոնում», հայտնում է NDTV-ն։
«Չելենջերի» պայթյունը տեղի էր ունեցել մեկնարկի ժամանակ աջ վառելիքային արագացացուցիչի պնդօղակի վնասվելու պատճառով։ Վթարն ուսումնասիրել էր Ռոջերսի հատուկ հանձնաժողովը, որն եկել էր այն եզրակացության, որ աղետը տեղի է ունեցել ՆԱՍԱ-ի կորպորատիվ մշակույթի եւ որոշումներ կայացնելու ընթացակարգային թերացումները։
ՆԱՍԱ-ի ղեկավարությունը 1977թ.-ից տեղյակ էր վտանգավոր թերացումների մասին, սակայն քայլեր չէր ձեռնարկել։ Բացի այդ, անտեսվել էր այդ առավոտյան տիեզերանավը գործարկելու վտանգի նախազգուշացումը։ Անբարենպաստ պայմաններ էր ստեղծել նաեւ օդի ցածր ջերմաստիճանը։











