Երեւանյան ընկերություններից մեկի մենեջերը կեղծ հաղորդում է տվել իրեն ծեծի ենթարկելու մասին՝ նպատակ ունենալով կոծկել իր կողմից 1 մլն 800 հազար ՀՀ դրամ յուրացնելու փաստը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանությունից:
Ըստ ոստիկանության՝ հունվարի 13-ին, Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկնանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ ծոծրակի շրջանի փակ վնասվածքով բուժօգնության է դիմել երեւանաբնակ Ռոբերտ Իսկանդարյանը:
Հիվանդանոց մեկնած ոստիկաններին նա հայտնել է, որ երկու հոգի շենքի մուտքում հարձակվել են իր վրա, հարվածել գլխին՝ գրպանից հափշտակելով 1 մլն 800 հազար դրամ եւ դիմել փախուստի:
Ձեռնարկված միջոցառումներով ոստիկաններին հաջողվել է պարզել, որ Իսկանդարյանի պատմածը չի համապատասխանում իրականությանը:
Իսկանդարյանը, շուրջ 1 տարի աշխատելով մի ընկերությունում որպես մենեջեր, յուրացրել է 1 մլն. 50 հազար դրամ, եւ գումարը չվերադարձնելու համար էլ կեղծակերպել ու հորինել է իր վրա ավազակային հարձակման պատմությունը:
Ռոբերտ Իսկանդարյանը ինքնախոստովանական բացատրություն է տվել: Հետաքննությունը շարունակվում է:











