Հունվարի 21-ի կեսգիշերին Երեւանի Մոսկովյան 31 հասցեում անհայտ անձինք վիճաբանել են, նրանցից մեկն իր մոտ եղած դանակով հարվածներ էր հասցրել մյուսին: Փողոցի տեսախցիկներից մեկը ֆիքսել էր տեղի ունեցածը:
Փաստի առթիվ Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ սպանության փորձ կատարելու հատկանիշով: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հանցագործությունը հնարավոր է կատարած լինի 33-ամյա Արամ Վարդանյանը: Նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել:
Երկու օր անց՝ հունվարի 23-ին, ժամը 23.50-ին Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի եւ պարեկապահակային ծառայության երրորդ հատուկ գումարտակի ծառայողները Երեւանի Շերամի փողոցի շենքերից մեկի տանիքին հայտնաբերել են Արամ Վարդանյանին եւ բերման ենթարկել ոստիկանության Կենտրոնականի բաժին, որտեղ նա խոստովանել է կատարածը:
«Գնացել էի աշխատանքի, ինչպես միշտ գանձապահի հետ վիճեցինք: Ասեցի՝ Կարո, դու միշտ կուլտուրակա՞ն ես խոսում տենց: Տենց մի քիչ բորբոքվավ, ջղայնացավ, մտավ ներս: Դուրս եկավ, կանգնեց դեմս, մի քիչ մրթմրթաց, խոսաց ու բռունցքով հարվածեց բերանիս: Էդ վախտ ես ուզում էի ձեռքով խփել իրեն, տղերքը պահեցին, ես էլ դանակով խփեցի»,- ոստիկաններին պատմել է կասկածյալը:
Արամ Վարդանյանը տեղափոխվել է «Նուբարաշեն» ՔԿՀ:











