Վանաձորում հունվարի 29-ի լույս 30-ի գիշերը  տան կողոպուտի փորձը կանխվել է աչալուրջ հարեւանուհու շնորհիվ: NEWS.am-ի հետ զրույցում տիկին Սուսաննան պատմեց՝ ինչպես է դեպքը տեղի ունեցել: 57-ամյա կինը գիշերը ժամը 03:00-ին մոտ արթնացել է լսելով հարեւանությամբ գտնվող տեգրոջ տնից եկող ձայները:

«Դռռոց լսեցի, հետո նայեցի պատուհանից լույս տեսա, լույսը մեկ կար, մեկ չկար»,-պատմեց տիկին Սուսաննան:

Տեսածը տիկին Սուսաննային կասկածելի է թվացել, քանի որ տան տերերը արդեն շուրջ 1 ամիս Ռուսաստանի Դաշնությունում են, նա արթնացրել է տան մյուս անդամներին ու զանգահարել ոստիկանություն:

Գողերին կինն անձամբ չի տեսել, սակայն նրան թվացել է, որ 3 հոգի են եղել: Ոստիկանների ժամանելուց հետո գողերը փորձել են փախչել, Սուսաննայի որդին Համլետը նկատել է, որ նրանցից մեկը հանել է պատուհանի շրջանակը եւ փորձել դուրս գալ պատուհանից: Այդ մասին անմիջապես տեղեկացրել է ոստիկաններին:

«Մեկը ոտքն արդեն հանել էր, դեսն արդեն կախել: Որ տղես ճվաց, իրենք հետ գնացին եւ էն կողմով փախան»,-պատմեց հարեւանը:

Դեպքի վայր ժամանած ոստիկաններին չի հաջողվել բռնել հանցագործներին, նրանք կրակոցներ են արձակել ոստիկանների ուղղությամբ եւ փախուստի դիմել:

Տան տերերին արդեն տեղեկացրել են կատարվածի մասին, նրանք այժմ վերադառնում են Հայաստան:

Մեր տեղեկություններով, կրակոցներից ոչ ոք չի տուժել: Մեր տեղեկություններով ոստիկանությունն արդեն հայտնաբերել է երեք կասկածյալներին: