Ստեփանակերտում սկսվել են կեղծ ընդդիմության ձեւավորման եւ ներիշխանական պայքարի գործընթացներ: Այս մասին հայտարարություն է տարածել Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Համացանցում եւ մամուլում զգալի արագությամբ տարածվում է Արցախի համալսարանի երիտասարդ դասախոս Արթուր Օսիպյանի իբրեւ թե քննադատական ելույթը կրթության ոլորտում տիրող իրավիճակի վերաբերյալ:

Պաշտոնական քարոզչամեքենան հաջողել է այնպես մոլորեցնել ոմանց, որ նրանք այդ երեւույթն անգամ գնահատում են որպես Արցախում կատարված փոքրիկ հեղափոխություն:

Սակայն միայն այդ անձի շուրջ ծավալվող զարգացումների դիտարկմամբ արդեն կարելի է եզրակացնել, որ Ստեփանակերտում տեղի են ունենում երեւանյան ոճով կեղծ ընդդիմություն ձեւավորելու եւ ներիշխանական պայքարի գործընթացներ:

Պատահական չէր նաեւ նրա ելույթի օտար լեզուն, սակայն հասարակությունը եւ լրատվամիջոցներն աչքաթող արեցին նաեւ այս հանգամանքը:

Իսկ Արթուր Օսիպյանի անձը բնութագրող իրականությունը բացարձակապես այլ է: Եվ այդ իրականությունը շատ հեշտ է տեսնել ընդամենը մեկ տարվա վաղեմության տեղեկութային արխիվում:

Վերափոխիչի հայտ ներկայացրած այդ երիտասարդ դասախոսը 2015 թ. հունվարի 31-ին Սերժ Սարգսյանի ռեժիմի եւ նրա ստեփանակերտյան մասնաճյուղի կազմակերպած Բերձորյան պետական ահաբեկչության քարոզչության հիմնական ձայնափողերից մեկն էր:

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը մեր քաղաքացիներին եւ ԶԼՄ-ներին հորդորում է ոչ մի պարագայում կուլ չտալ զորիբալայանական ապազգային ու հանցավոր կլանի խայծերը: Իրականում կողմնորոշվելն այնքան էլ բարդ չէ, մանավանդ, որ կլանի մտավոր ռեսուրսները խիստ սահմանափակ են եւ դրանց բազմակի ու բազմաբնույթ հարկադրական օգտագործումն ուշադիր աչքի համար անմիջապես ակնհայտ կդառնա: