Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում այսօր` փետրվարի 3-ին, ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը եւ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը բացեցին Ս. Սարգսի տոնին նվիրված  2016թ.առաջին ցուցահանդես-մրցույթը: Ցուցահանդես մրցույթին ներկայացված  էին շուրջ 60 Թերլեմեզյանի անվան քոլեջի ուսանող ստեղծագործողների աշխատանքներն (ֆոտոռեպորտաժ):

Ս. Սարգսի տոնը խորհրդանշող լավագույն աշխատանքների հեղինակները արժանացան դրմական մրցանակների,պարգեւների,  իսկ Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի 3-րդ կուրսի ուսանողուհի Արմինե Արշակյանը իր «Սիրո բարեխոս» ստեղծագործությամբ   առաջին տիկնոջ կողմից արժանացավ հատուկ մրցանակի:

Լրագրողների հետ զրույցում Արմինե Արշակյանը նշեց, որ ինքն առաջին անգամ է մասնակցում ցուցահանդես-մրցույթի եւ սա իր առաջին մրցանակն է:

«Նկարում պատկերել եմ այն, ինչ ես զգացել եմ, նկարում առկա են վառ գույներ, դրանք այն գույներն են, որոնք ես նկարելու պահին ապրել եմ եւ արտացոլել ւմ աշխատանքում: Ինձ համար անսպասելի էր, շատ հուզված եմ, չէի սպասում, որ կարժանանամ մրցանակի»,-ասաց Արմինեն:

Նշենք, որ Ս. Սարգսի տոնակատարությունների շրջանակում արդեն երկրորդ անգամ է կազմակերպվում ստեղծագործական բուհերի ուսանողների աշխատանքների ցուցահանդես-մրցույթ:  Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջն առաջին անգամ է միացել եւ այսօրվա ցուցահանդեսին մասնակցող բոլոր 60 ստեղծագործողների աշխատանքները փետրվարի 7-ին` Ազատության հրապարակում կներկայացվեն Բուն Բարեկենդանի տոնախմբության ժամանակ: