Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանին հետաքրքրում է, թե արդյոք ճանապարհաշինարարության ոլորտում փոխվել է «ատկատի» մեխանիզմը:

«Մի քանի տարի առաջ Սերժ Սարգսյանը խոսեց ատկատների մասին, անդրադարձավ նաեւ Տրանսպորտի եւ կապի նախարարությանը, իսկ նախարար Գագիկ Բեգլարյանն էլ հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ ատկատներ չկան եւ չեն եղել: Որոշակի հակասություն է առաջանում՝ ատկատների մեխանիզմը գործո՞ւմ է ճանապարհաշինարարության մեջ, թե՞ ոչ: Ինչպե՞ս եք պայքարել ատկատների դեմ»,- այսօր՝ փետրվարի 4-ին, ԱԺ-ում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով Տրանսպորտի եւ կապի փոխնախարար Արթուր Առաքելյանին:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաեւ միջազգային բանկի կողմից՝ Հանրապետության տարածքում 190 կմ ճանապարհի կառուցման համար տրամադրվող 40 մլն դոլարի վարկին՝ նշելով, որ այն ունի քաղաքական ենթատեքստ:

«Ընտրություններից առաջ մոդայիկ է ասֆալտ անելով համայնքներին ծառայություն մատուցել, մարդկանց ձայները շահել, շատ հաճախ մարդիկ չեն էլ իմանում, որ վարկային ծրագրերով են դա անում: Ժողովրդի փողով իբր լավություն են անում ժողովրդին եւ դա ներկայացնում մեծ հաջողություն: Վարկը վերցնում է ժողովուրդը, վարկերի իրականացման ծրագրերը շահում են ՀՀԿ-ի հետ առնչություն ունեցող մարդիկ, գոնե դե ֆակտո տնօրինում են իշխանության շատ կոնկրետ մարդիկ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Այս հարցերին ի պատասխան՝ Արթուր Առաքելյանն ընդգծեց, որ իրենք աշխատում են թափանցիկ, տեղեկատվությունը տալիս են հանրամատչելի ձեւով:

Նշենք, որ փետրվարի 4-ին, «Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկը միջեւ 2015 թվականի օգոստոսի 26-ին ստորագրված «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը:

Հիշեցնենք, որ վարկային այս ծրագիրը շարունակական բնույթ է կրում եւ ուղղված է մարզերի համայնքային ճանապարհային ցանցի զարգացմանը: Ըստ Արթուր Առաքելյանի՝ առաջինը տրվել է 2013թ-ին, սա էլ երկրորդ վարկն է:

«Վարկային արժեքն է 40 մլն ԱՄՆ դոլար, որը նախատեսվում է սպառել 2016-2019թթ. ընթացքում եւ արդյունքում վերակառուցել 190 կմ ճանապարհ: Վարկն արտոնյալ է իր բնույթով, մարման ժամկետը 25 տարի է, տոկոսադրույքը լողացող է»,- ասել է Արթուր Առաքելյանը: