Թող Հայաստանի իշխանությունները հայրենիքի նկատմամաբ սիրո ճոռոմ բառեր չերգեն։ Այս մասին փետրվարի 4-ին ՀՀ խորհրդարանում ասել է պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ելույթին։
Մարուքյանը դեմ էր արտահայտվել Երեւանը շրջանցող մայրուղու շինարարության համար Զարգացման ասիական բանկի 113 մլն դոլար վարկի տրամադրմանը։ Նա հայտնել էր, որ մարզերին նման ծրագրերն ավելի շատ են պետք։ Շարմազանովը նման մտածելակերպը գավառամտություն էր որակել։ «Ավելի լավ է լինել արդար գավառամիտ, քան էժան քաղքենի։ Օր օրի քանդել Երեւանի ճարտարապետական հուշարձանները եւ ճոռոմ արտահայտություններ անել հայրենիքի զավակների հավասար հնարավորությունների մասին»,- ասել է Մարուքյանը:
Ի պատասխան Շարմազանովը հայտարարել է. «Կամ ձեզ սխալ են պատմել, կամ կարդացել ճիշտ չեք հասկացել: Խոսքը եղել է այն մասին, որ Երեւանը չի կարելի հակադրել մարզերին: Որեւէ վիրավորական արտահայտություն չի եղել, եղել է «գավառական մտածողություն» արտահայտություն:
Մի գերագնահատեք ձեր հնարավորությունները, ոչ էլ դերակատարումը: Ոչ ոք այստեղ չի հերթագրվել ձեզ հակադարձելու համար: Սա պառլամենք է, ոչ թե գլադիատորական մարտեր: Դուք ժողովրդավարական արժեքներ կրող մարդ եք, սովորեք այլակարծությանը»:











