Սոցիալական ցանցերից օգտվող երեւանցիների մեծ մասը նախընտրում է «Ֆեյսբուքը»։ Այսօր` փետրվարի 4–ին` «Ֆեյսբուքի» հիմնադրման 12–րդ տարեդարձի օրը, մայրաքաղաքում NEWS.am–ի անցկացրած հարցախույզը ցույց տվեց, որ հայ օգտատերերը օրական միջինը 5–6 ժամ են անցկացնում սոցիալական այս ցանցում։
Երեւանցիների շրջանում ամենատարածված սոցցանցը «Ֆեյսբուքից» հետո «Օդնոկլասնիկին» է, ապա «Թվիթերը», «Ինսթագրամը»։
«Ֆեյսբուքը» հիմնականում օգտագործում են ընկերների հետ շփման եւ ծանոթությունների նպատակով, քիչ չեն նաեւ սոցիալական ցանցով նորություններին հետեւողները, միայն մեկ քաղաքացի նշեց, որ «Ֆեյսբուքն» օգտագործում է իրեն հետաքրքրող գրականություն գտնելու եւ ընթերցելու համար։
Ավելի ավագ սերնդի ներկայացուցիչները թեեւ օգտվում են սոցիալական ցանցից, սակայն որպես բացասական կողմ մատնանշում են իրական շփման պակասը։
«Անձնական գաղտնիք չի մնացել։ Երեխաներս իրենց գաղտնիքներն իրար չեն պատմում, ինձ չեն պատմում, «Ֆեյսբուքից» եմ իմանում` ում հետ են շփվում»,– ասաց քաղաքացիներից մեկը։
«Դաստիարակչական բան չունի, էնպես փիս–փիս բաներ են գրում, մարդ ամաչում ա, դրա համար չեմ օգտվում»,– ասաց քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին։











